«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Մյունխենի անվտանգության համաժողովից մի քանի օր առաջ, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, կազմակերպիչները հրապարակել են զեկույց, որը գնահատում է աշխարհաքաղաքական զարգացումների ուղղությունը։ Այս տարի դրա առանցքային դրույթը վերաբերում է գլոբալ կարգի փոփոխությանը, որը բնութագրվում է «բազմաբևեռացված աշխարհի» հասկացությամբ։ Այս եզրույթը միավորում է բազմաբևեռության և բևեռացվածության տարրերը՝ նկարագրելով, թե ինչպես է ԱՄՆ աստիճանաբար հեռանում համաշխարհային գերիշխանության դերից, ինչը հանգեցնում է նոր ուժային կենտրոնների առաջացման, սակայն միևնույն ժամանակ՝ խորացնում է հակասությունները և բարդացնում գլոբալ ճգնաժամերի լուծումը։
Զեկույցի հեղինակները նշում են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը 2016 թվականի ընտրություններում կոտրեց սառը պատերազմից հետո ձևավորված արտաքին քաղաքական կոնսենսուսը, որը սահմանում էր Վաշինգտոնի առաջնային դերը միջազգային անվտանգության ապահովման հարցում։ Թրամփի վարչակազմը դիտարկում էր այդ դերը որպես «վատ գործարք», քանի որ ԱՄՆ, ըստ Թրամփի, «հարստացրել է մյուս երկրներին», մինչդեռ իր իսկ տնտեսական և քաղաքական ուժը թուլացել է։ Նրա դիրքորոշումը ենթադրում էր ավելի ընտրողական մոտեցում դաշնակիցների հետ հարաբերություններում՝ առաջնահերթություն տալով միայն ազգային շահերին։
Չինաստանն այս փոփոխությունների համատեքստում դիտարկվում է որպես ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական մրցակիցը՝ տնտեսական և ռազմական հզորության աճի շնորհիվ։ Պեկինը պնդում է, որ ձևավորվում է նոր բազմաբևեռ աշխարհակարգ, սակայն, ըստ զեկույցի հեղինակների, այս հայտարարությունները չեն արտացոլում այն պետությունների իրական շահերը, որոնց անունից հանդես է գալիս Չինաստանը։ Փոխարենը, դրանք ծառայում են որպես քողարկում՝ Պեկինի ուժային քաղաքականությունն առաջ մղելու համար։ Չնայած Չինաստանի հզորությանը, երկրի ներքին խնդիրները և միջազգային դիմակայության աճը կարող են սահմանափակել նրա ազդեցությունը։ Այնուամենայնիվ, եթե Թրամփի վարչակազմը հեռանա միջազգային կոալիցիաներից, Չինաստանն ավելի մեծ հնարավորություն կունենա ամրապնդելու իր դիրքերը՝ ներկայացնելով ԱՄՆ-ը որպես աշխարհում ապակայունացնող գործոն։
Կարդացեք նաև
Ռուսաստանի դերն այս գործընթացներում առանձնահատուկ է՝ պայմանավորված նրա պատմական հավակնություններով և ռեսուրսների խիստ սահմանափակությամբ։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Մոսկվան փորձում է առաջ մղել սեփական «բազմաբևեռ» աշխարհի պատկերացումը, որտեղ առանցքային դեր են խաղում ոչ թե առանձին պետությունները, այլ «քաղաքակրթական բևեռները»՝ տարածաշրջանային ազդեցության խոշոր կենտրոնները։ Այս մոտեցման տրամաբանությամբ, ինքնիշխանությունը պատկանում է միայն հզոր «քաղաքակրթական պետություններին», մինչդեռ ավելի փոքր երկրները ենթակա են դրանց։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինան և նախկին ԽՍՀՄ տարածքի այլ երկրները որպես իր ազդեցության գոտի, ինչը ավելի շատ հիշեցնում է 19-րդ դարի եվրոպական քաղաքականությունը, քան ժամանակակից բազմակենտրոն աշխարհակարգը։
Չնայած Ռուսաստանի կողմից իրեն որպես գլոբալ գերտերություն ներկայացնելու փորձերին, զեկույցի հեղինակները նշում են, որ նրա հնարավորությունները սահմանափակված են։ Սակայն Մոսկվան հաջողությամբ օգտագործել է իր ունեցած ռեսուրսները՝ 2024 թվականին փոխելով ռազմական գործողությունների դինամիկան Ուկրաինայում, ընդլայնելով իր վերահսկողությունը նոր տարածքների նկատմամբ և զարգացնելով ռազմական արդյունաբերությունը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կարողացել է խուսափել դիվանագիտական և տնտեսական մեկուսացումից՝ պահպանելով կապերը բազմաթիվ երկրների հետ։ Սա նպաստել է նրան, որ միջազգային ասպարեզում այն ընկալվում է որպես ուժեղ տերություն, որն ընդունակ է մարտահրավեր նետելու ավելի հզոր հակառակորդներին։
Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները նաև ընդգծում են, որ Ռուսաստանի ռեսուրսները սպառվում են, ինչը սահմանափակում է նրա գլոբալ ազդեցության հնարավորությունները։ Մոսկվան չկարողացավ կանխել Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի անկումը, ինչպես նաև չկարողացավ ռազմական կամ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։ Այս իրադարձությունները վկայում են, որ Մոսկվան բախվում է «գերլարվածության» խնդրին, ինչը կարող է դժվարացնել նրա երկարաժամկետ ազդեցության պահպանումը։