«Առաջարկվող գործընթացը չի համապատասխանում ԵՄ առկա գործընթացին»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնությանը։
Պատգամավորի տպավորությամբ՝ մենք մեզ փորձում ենք տանել այն ժամանակները, երբ ԵՄ-ի մեջ ենք, դրանով ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն ինքնին մեզ օգտակար է լինելու և ամեն ինչով բերելու է շատ լավ արդյունքների․ «Բայց իրականության մեջ, երբ հարց ենք տալիս՝ ՀՀ-ն տարբեր միջազգային կառույցների մեջ է, դրանք իրար հետ համատեղելի չեն, ինչպե՞ս եք պատկերացնում, ասում են՝ հիմա չէ այդ հարցը։ Երբ ԵՄ անդամ կլինենք, այդ խնդիրը կբերենք օրակարգ։ Նպատակը, որը բոլորի մոտ վարդագույն երազներ է առաջացնում, հանգեցնելու է լրջագույն խնդիրների։ Մենք, ըստ էության, տարբեր կառույցների հետ մինչև հիմա ունեցած և-և-ը փոխարինում ենք կամ-կամ-ով։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու։ ՀՀ-ն կամ-կամ -ի պրոցես իր առաջ դնելու շռայլություն չունի, երբ կամ-կամ-ի կողմերը լրջագույն կոնֆլիկտի մեջ են՝ պատերազմական վիճակի մեջ»։
Արմեն Ռուստամյանը իրավիճակը բնութագրեց ժողովրդական ասացվածքով՝ ունքը շտկելու տեղը աչքն էլ կհանենք․ «Մանավանդ այս ընթացքը հայտնի էլ չէ, թե ուր կհասնի։ Կարող է պարզվել, որ ընդհանրապես ԵՄ-ն էլ չկա»։
Խոսելով եվրոպական արժեքներին ինտեգրվելու մասին՝ Արմեն Ռուստամյանն ասաց․ «CEPA-ի 40 տոկոսն էլ չենք արել, բա ինտեգրվե՞նք եվրոպական արժեքներին։ Ո՞վ է մեզ խանգարում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ