Սահմանադրական դատարան դիմած դատավորը, ըստ էության, սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, քանի որ օրենքով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերջնական ակտ է եւ բացակայում է այն դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը
Սահմանադրական դատարանը փետրվարի 5-ին իր աշխատակարգային որոշմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի գործի քննությունը նշանակել է 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին: Այն գրավոր ընթացակարգով է, չնայած չի բացառվում, որ դիմումատու կողմը միջնորդի, որպեսզի քննությունը ընթանա բանավոր ընթացակարգով:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը: Այս գործով պատասխանող կողմը Ազգային ժողովն է: Ա. Ստեփանյանի ներկայացուցիչն է փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Դատավորի ներկայացուցչի դիմումը 49 էջ է, դրան գումարած՝ «Ի լրումն դիմումի» 5 էջանոց պահանջը, նոր հարցադրումներով:
Կարդացեք նաև
Դիմող կողմը բազմաթիվ իրավական ակտերի էր հղում կատարել, մասնավորապես, մեջ բերելով Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումը: Ըստ այդ որոշման՝ ՍԴ-ն գտել է, որ Սահմանադրության 49-րդ հոդվածի ձեւակերպումներից հետեւում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորված է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այս իրավունքի իրականացման համար օրենսդիրը պարտավոր է ապահովել ընդհանուր հիմքեր՝ բացառելով որեւէ խտրականություն: Ըստ դիմող կողմի՝ դիմումում ներկայացված հիմնավորումների համատեքստում կարող ենք եզրակացնել, որ «Դատական օրենսգրքից» մեջբերված որոշակի դրույթների անհամապատասխանությունը Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 79-րդ հոդվածներին, հանգեցրել են նաեւ դատավորի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի խախտման, քանի որ սահմանափակվել է դատավորի հետագա պաշտոնավարման եւ կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունքները, ինչն էլ ազդել է նրա մասնագիտական աճի վրա, այդ թվում՝ այլ անձանց հետ կապեր հաստատելու եւ զարգացնելու տեսանկյունից:
Այս գործով, Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության վարկաբեկման կամ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման հանգեցնող գործողություն է գնահատել դատավորի կողմից 7 տասնյակից ավելի քաղաքացիական գործերով դատավարական նորմերի խախտումների արդյունքում գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումները։ Ինչը դիմող կողմը չի ընդունում, հետեւաբար, հարցնում է՝ «արդյո՞ք գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումը կարող է հանգեցնել Դատական օրենսգրքի 69-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատական իշխանության վարկաբեկման կամ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման»: Տպավորություն է, թե ողջամիտ ժամկետի պահպանումը վերաբերում է միմիայն դատավորի՝ ի պաշտոնե գործելուն…
Դիմելով դատարան, դատավոր Ստեփանյանը, նրա ներկայացուցիչ Սահակյանը պահանջում են.
- «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունենալու հանգամանքը որոշվում է դատավորի կողմից այլ կարգապահական խախտում կատարելու պահի դրությամբ՝ առանց հաշվի առնելու Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ կարգապահական տույժեր ստանալուց հետո մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկվելը սահմանված այն ժամանակահատվածը, որի անցնելուց հետո կարգապահական տույժ(եր)ը համարվում են մարված:
- «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ նշված իրավանորմով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել՝ առանց Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության հարցը քննության առարկա դարձնելու:
- «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դուրս գալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններից՝ դատավորին ինքնուրույն վերագրելով էական կարգապահական խախտում կատարելու գործողություն, եւ իր դատական ակտի հիմքում դնել դատական քննության ընթացքում չհետազոտված ապացույցներ:
- «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները:
- «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ իրավական շահ չունեցող անձի հաղորդման հիման վրա կարող է կարգապահական վարույթ հարուցվել դատավորի նկատմամբ:
- «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով «դատական իշխանության վարկաբեկման, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման» օրենսդրական ձեւակերպումների ընդհանրական եւ վերացական լինելը, ինչը դատավորին զրկում է իր վարքագծի բնույթը հասկանալու եւ դրա իրավական հետեւանքները կանխատեսելու հնարավորությունից։
- «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ ի պաշտոնե գործելիս թույլ տրված ողջամիտ ժամկետի խախտումը կարող է հանգեցնել «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնի խախտման։
- «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու եւ լուծելու պատականությունը խախտած դատավորի արարքը կարող է որակվել Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտում:
Դատավոր Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչ Ս. Սահակյանը տեղեկացրել էր, որ իր վստահորդի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարին 22.12.2023 թվականին հասցեագրված եւ արդարադատության նախարարությունում 26.12.2023 թվականին ստացված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ի լրումն հաղորդման՝ հաղորդում ներկայացնողի կողմից 29.12.2023 թվականի գրությամբ (արդարադատության նախարարությունում այն ստացվել է 03.01.2024 թվականին) ներկայացվել են փաստաբան Էդգար Հակոբյանի դիմումներն ուղղված Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։
Արդարադատության նախարարի՝ 13.02.2024 թվականի թիվ 18-Ա որոշմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 11.04.2024 թվականի թիվ 33-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է: Արդարադատության նախարարի՝ 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի՝ 11.06.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
17.06.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է եւ ծանուցվել դատական ակտի հրապարակման օրը՝ 2024թ. հուլիսի 9-ը:
Դատավորի լիազորությունները դադարեցվել են 2024թ. հուլիսի 9-ի ԲԴԽ որոշմամբ:
Դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմանը կողմ են քվեարկել Խորհրդի 5 անդամներ՝ Ա. Դանիելյանը, Կ. Թումանյանը, Ե. Թումանյանցը, Հ. Գրիգորյանը, Կ. Անդրեասյանը, 3 անդամներ՝ Ա. Աթաբեկյանը, Էդ. Հովհաննիսյանը, Մ. Համբարձումյանը, հայտնել են Հատուկ կարծիք, իսկ մյուս 2 անդամների՝ Ք. Մկոյանի եւ Վ. Քոչարյանի քվեարկության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։
Դիմումատուն հանգել էր հետեւյալին՝ «Ինչպես կարող ենք նկատել, ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորի «դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ» կամ «դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ» հասկացությունները բավարար չափով հստակ սահմանված չեն: Նշված հոդվածն օգտագործում է ընդհանրական, վերացական եւ գնահատողական հասկացություններ՝ «վարկաբեկող», «վստահության նվազեցնող», որոնց գնահատման չափորոշիչներ սահմանված չեն: Այս պատճառով, դատավորները չեն կարող որոշել իրենց վարքագծի համապատասխանությունը նման ձեւակերպումներին: Նման ձեւակերպումները տալիս է օրենսդրական մեկնաբանման շատ լայն շրջանակ, ինչը կարող է հանգեցնել կամայական դրսեւորումների: Այսինքն՝ նման ձեւակերպումների պայմաններում դատավորի ցանկացած գործողություն կարելի է որակել՝ որպես դատական իշխանության վարկաբեկող: Ուստի դատավորը չի կարող կանխատեսել, թե կոնկրետ իրավիճակում իր որ գործողությունը կդիտվի դատական իշխանությանը վարկաբեկող կամ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2025