Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական կոմիտեն չի կարողացել գտնել դիմակներով սադիստներին, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել». «Հրապարակ»

Փետրվար 12,2025 10:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, նախորդ տարվա ապրիլի 18-ին որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք եւ 7 մլն դրամ գրավ սահմանել: Ընդդիմադիր երիտասարդը տեւական ժամանակ տնային կալանքի տակ մնաց, այն պատճառով, որ նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին, որն այժմ հայտարարում է, որ ընդդիմադիր է, անվանել էր «հակահայ վիժվածք»: Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին եւ կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո ուղեկցող երկու ոստիկանները միաժամանակ «բնական կարիքները» հոգալու անհրաժեշտություն էին զգացել եւ Սամվելին թողել էին ավտոմեքենայի մեջ ու գնացել «կարիքները հոգալու»: Ապա ինչ-որ դիմակավորված անձինք բարձրացել էին մեքենա, ձեռնաշղթաներով կապված Սամվելին հանել ավտոմեքենայից, տարել մի կողմ` ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դիմակավորված անձինք պահանջել էին, որ Սամվելը կրկնի իր հասցեին ասված սեռական բնույթի հայհոյանքները, նա հրաժարվել էր, ինչից հետո թքել էին տղայի վրա:

Դեպքի մասին հայտնի դարձավ ապրիլի 16-ին` ԱԺ պատգամավորները տեսակցության էին գնացել Սամվելին, եւ նա պատմել էր կատարվածի մասին: Ապա փաստաբաններն ասուլիս տվեցին` պատմեցին այդ սահմռկեցուցիչ դեպքի մասին, մեծ հանրային աղմուկ բարձրացավ, եւ դեպքից օրեր անց Քննչական կոմիտեն ստիպված եղավ վարույթ նախաձեռնել` Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով, ինչն աննախադեպ է անգամ Հայաստանի նման անօրինական երկրում:

Գրեթե մեկ տարի է անցել դեպքից, սակայն Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործը մեկ միլիմետր առաջ չի գնացել` Քննչական կոմիտեն չի կարողացել գտնել դիմակներով սադիստներին, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, հայտնի չէ, թե ովքեր են եղել նրան ուղեկցող ոստիկանները, որոնք խոշտանգողներին ոչ պակաս հանցանք են կատարել: Մեր աղբյուրներն ասում են, որ խոշտանգող դիմակավորվածներն էլ են եղել ոստիկանության աշխատակիցներ, այլ պարագայում անհնարին է, որ ոստիկանները ձերբակալված անձին հանձնեին նրանց հաշվեհարդարին:

Սամվել Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ հույս չունի, թե իրավապահները համարձակություն կունենան իշխանությունների դեմ դուրս գալ: Քննչական կոմիտեից էլ մեզ մի հերթապահ նախադասություն փոխանցեցին. «Փորձագիտական եզրակացությունները դեռեւս չենք ստացել, այս պահին ընթանում է նախաքննություն, նորություն չկա»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728