Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ կարանք ասենք, որ դատական ակտը չենք կատարում, քանի որ սպասել եք մեծ տղան չափահաս դառնա նոր գաք»

Փետրվար 12,2025 13:00

Իրեն իրավական պետություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հետ «հաշվեհարդար են տեսել» այն բանի համար, որ վերջինս, տեւական ժամանակ չունենալով որդու հետ տեսակցություններ ունենալու այլընտրանք, ի վերջո դիմել էր հարկադիր կատարումն ապահովող ծառայության օժանդակությանը: Մենք անդրադարձել ենք արտերկրում բնակվող հոր եւ ավագ որդու հետ Հայաստանում բնակվող մյուս երեխայի տեսակցությունների խնդրին, սպասելով ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ հարկադիր ծառայության պատասխանին («Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ ապահովել երեխայի իրավունքների պաշտպանությունը», 2024թ., նոյեմբերի11, «Առավոտ»), պատրաստակամություն հայտնել լսել Երեւանի քաղաքապետարանի եւ տնօրենի պարզաբանումները, հատկացնելով հրապարակման ծավալով էջ, ինչը մնացել էր անարձագանք: Դրանից հետո նոր զարգացումների մասին հարցազրույցը փաստաբան Հասմիկ Օհնիկյանի հետ է:

– Երեխայի հետ տեսակցություններն առաջին անգա՞մ էր խոչընդոտվում, եթե ոչ, ինչ քայլեր եք կատարել այդ ուղղությամբ:

– Արտերկրում բնակվող հոր եւ ավագ եղբոր հետ երեխայի տեսակցություններին մայրն ավելի, քան երեք տարի խոչընդոտել է: Նրա վարքագիծը կանխելու հարցում հայրը օժանդակություն էր հայցել երեխայի իրավունքների պաշտպանության հարցում կարեւորագույն գործառույթներ ունեցող Երեւանի քաղաքապետարանից: Միեւնույն ժամանակ, հակառակ մոր կողմից տարիներ շարունակ հնչած հորդորների, վերջինս դիմել էր նաեւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության օժանդակությանը: Ծառայությանը դիմելու փաստն էլ զայրացրել էր երեխայի մորն ու դարձել «հաշվեհարդարի» պատճառ: Հայաստանի Հանրապետությունում հոր եւ ավագ եղբոր ժամանակավոր կեցության օրերին երեխային թաքցնելով՝ մայրը նպատակ է հետապնդել ոչ միայն ձախողել դատական ակտով սահմանված յոթ՝ իրար հաջորդող օրերով տեսակցությունը, այլեւ առհասարակ զրկել է հորը երեխային տեսնելու հնարավորությունից:

Նպատակին հասնելու համար, մայրն անգամ դադարեցրել է երեխայի հաճախումները դպրոց:

– Երեւանի քաղաքապետարանը, իրավապահ մարմինները տեղեկացվա՞ծ են այս մասին:

– Երեխայի (աշակերտի) իրավունքների խախտման փաստի մասին բազմիցս իրազեկվել է երեխայի իրավունքների պաշտպանության, նաեւ հանրակրթական դպրոցների նկատմամբ հսկողական գործառույթներ ունեցող Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ ՀՀ կրթության տեսչական մարմինը: Քաղաքապետարանը որեւէ միջոց չի ձեռնարկել երեխայի հիմնարար իրավունքների խախտումը կանխելու ուղղությամբ, մինչդեռ տեսչական մարմինն այդ օրերին դպրոցում նախաձեռնել է ստուգման գործընթաց (պլանային ստուգումներ): Դպրոցում մեկնարկված ստուգումները ստիպել էին վերականգնել երեխայի հաճախումները դպրոց: Դպրոցում իրականացվող ստուգումներով պայմանավորված՝ երեխան չորս օր հաճախել է դպրոց, մինչդեռ այդ օրերին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հատուկ բաժինն անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է իրականացնել կատարողական գործողություններ: Դպրոցում իրականացվող ստուգումների միայն վերջին օրն է Ծառայությունը համաձայնվել այցելել դպրոց, մինչդեռ այդ օրը մայրը, կարծես նախապես տեղեկացված լինելով նախատեսվող կատարողական գործողությունների մասին, երեխային կրկին դպրոց չէր ուղարկել: Ինչպես փաստում են գործով ձեռք բերված ապացույցները, բոլոր այն օրերին, երբ նախատեսվում էին կատարողական գործողություններ, անչափահասը տարօրինակ զուգադիպությամբ դպրոց չի հաճախել, իսկ երբ «հարկադրված» գտնվել է դպրոցում՝ կատարողական գործողություններ չեն իրականացվել:

– Տիկին Օհնիկյան, կարո՞ղ ենք փաստել, որ Ծառայության կողմից դատական ակտը չկատարելու դիտավորությու՛ն եք նկատել:

– Սկզբում տպավորություն էր, որ Ծառայության համապատասխան բաժնի աշխատակիցները պարզապես թերանում են իրենց պարտականությունները կատարելու հարցում: Բայց երբ բաժնի պետի տեղակալը վստահորդիս հորդորեց հարցերը լուծել ինքնուրույն, քանի որ Ծառայությունը, միեւնույն է, օգտակար լինել չի կարող, ողջամիտ կասկածներ առաջացան, որ գործ ունենանք ոչ թե թերացման, այլ դատական ակտը չկատարելու դիտավորության հետ: Երբ իմ պահանջով դատական ակտի կատարման հարցում դրսեւորված անգործությունը քննարկման առարկա դարձավ Ծառայությունում, վկաների ներկայությամբ բաժնի պետ Վ. Մելիքբեկյանը, առնվազն չորս տարբեր, անհեթեթ պատճառաբանություններ բերեց այն մասին, թե ինչու պետք է դատական ակտը չկատարվի, որոնցից մեկը, օրինակ, վերաբերում էր նրան, որ ավագ որդին, ով դատական ակտով իր հերթին պետք է տեսակցեր մոր հետ, Հայաստանում չէ: Երբ հակադարձեցի վերջինիս, նշելով որ տղան «Հայաստանում է ու անհամբեր սպասում է տեսակցություններին, ընդ որում՝ տղան արդեն չափահաս է դարձել», զրույցին հետեւող գլխավոր հարկադիր կատարող Հ. Աբազյանը ընդհատեց, ասելով` «մենք էլ կարանք ասենք, որ դատական ակտը չենք կատարում, քանի որ սպասել եք մեծ տղան չափահաս դառնա նոր գաք»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ նշված «պատճառաբանությունը» որեւէ հորդոր չուներ դատական ակտի կատարման հետ, ինչը ի ցույց դրեց այն հանգամանքը, որ Ծառայությունում հերթական անհիմն պատրվակն է բերվում դատական ակտը չկատարելու համար: Հատկապես այդ օրը իմ եւ արտերկրից ժամանած գործընկերոջս մոտ, ով ներկա էր զրույցին, հաստատվեցին այն կասկածները, որ դատական ակտի կատարումը ձախողելու հարցում երեխայի մայրն ունեցել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության օժանդակությունը: Միջադեպի վերաբերյալ բողոքներ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն եւ վարչապետի աշխատակազմ: Նշված գործողությունները Ծառայությանը ստիպել են առնվազն շարունակել ձեւական, արձանագրային բնույթ կրող կատարողական գործողությունները: Այնուամենայնիվ, մինչեւ վերջին պահը հարկադիր կատարողը դատական ակտը կատարելու որեւէ գործուն միջոց չի ձեռնարկել:

Եթե որեւէ քաղաքացու հաջողվում է ձախողել դատական ակտի կատարումը, նշանակում է դա արվում է Հայաստանի Հանրապետության թողտվությամբ: Յուրաքանչյուր չկատարված դատական ակտ հարված է հասցնում Հայաստանի Հանրապետության վարկանիշին: Բայց այստեղ միայն Հայաստանի վարկանիշը չէ, որ տուժում է: Երբ պետությունն անգործություն է ցուցաբերում ընտանեկան գործերով դատական ակտեր կատարելիս, ուր էմոցիաները բազմազան են, իսկ հապաղումները՝ ճակատագրական, դրանով ուղղակիորեն խրախուսում է ընտանեկան բռնությունները, նոր հանցագործությունների հիմքեր ստեղծում: Իմ վստահորդն ու իր ավագ որդին մինչ օրս բախվում են երեխայի հետ շփում ունենալու խնդրին, եւ այս ցավալի իրողության պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է: Այս գործով կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է այն քաղաքացու «հաշվեհարդարին», ով միամտաբար կարծել է, որ կա պետություն, ում օժանդակությանը դիմելով վերականգնելու է իր խախտված իրավունքները:

– Բացի Երեւանի քաղաքապետարանից, հարկադիր ծառայությունից, դիմե՞լ եք այլ վերահսկողական, իրավապաշտպան կառույցներին:

– Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացված եղե՛լ է իրադարձություններից: Այո, երեխայի եւ ծնողի հիմնարար իրավունքների խախտման փաստով դիմել էինք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որը քաջատեղյակ լինելով դատական ակտի կատարումը ձախողելու նպատակով անչափահասի դպրոց հաճախումները դադարեցված լինելու, տնօրենի հակաօրինական վարքագծի, Երեւանի քաղաքապետարանի եւ Ծառայության անգործության մասին, դրսեւորել էր բացարձակ անտարբերություն: Հատկանշական է, որ ՄԻՊ-ի գրասենյակից խնդրի վերաբերյալ ինձ հետ կապ են հաստատել այն ժամանակ, երբ երեք շաբաթ Հայաստանում մնալուց հետո այդպես էլ չտեսնելով որդուն, իմ վստահորդը լքել է ՀՀ տարածքը, մինչդեռ մարդու, հատկապես երեխայի հիմնարար իրավունքի խախտումը կանխելը պահանջում էր արագ արձագանք:

– Այ, մենք խոսում ենք տարբեր կառույցների անգործությունից, իսկ ինչո՞ւմ էր դրսեւորվում Երեւանի քաղաքապետարանի անգործությունը:

– Դատական ակտի կատարումը ձախողելու հարցում Երեւանի քաղաքապետարանն ունեցել է մեծ դերակատարում: Քաղաքապետարանին, օրինակ, ապացույց էր ներկայացվել այն մասին, թե ինչպես դպրոցի՝ երեխայի հետ ազգակցական կապ ունեցող տնօրենը, հրաժարվել է կատարել երեխայի գտնվելու վայրը մայր-ծնողից պարզելու՝ ոստիկանության տեսուչի իրավաչափ պահանջը: Քաղաքապետարանը տեղեկացված էր նաեւ շենքի բակում տեղի ունեցած միջադեպին. հարկադիր կատարումն ապահովող ծառայության նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքով պայմանավորված՝ այդ օրը ոչ թե նախապես, այլ դպրոցի բակից էինք կապ հաստատել հարկադիր կատարողի հետ եւ պահանջել դասապրոցեսի ավարտից հետո իրականացնել կատարողական գործողություններ: Րոպեներ անց դպրոցի տնօրենը, օգտվելով պաշտոնային լիազորությունից, ընդհատել էր դասապրոցեսը եւ երեխային հապճեպ նստեցրել մեքենա: Սա տեսնելով՝ դպրոցի դարպասներից դուրս հարկադիր կատարողների ժամանմանը սպասող հայրն ու եղբայրը ընդառաջ են գնացել մեքենային: Դպրոցի դարպասներից դուրս գալով՝ տնօրենը մեքենայի ապակիները իջեցրել է, ապա հանդիմանելով երեխայի հորն ու ավագ եղբորը, ասել է, որ՝ «եթե ուզում էին տեսնել երեխային, պետք է գային առանց հարկադիր կատարողների»: Այս ասելով՝ տնօրենը աշակերտին՝ թոռանը հեռացրել է դպրոցի տարածքից: Միջադեպի մասին ահազանգ է ներկայացվել Երեւանի քաղաքապետարան, ԿԳՄՍ նախարարություն, հաղորդում է նարկայացվել նաեւ ոստիկանություն:

– Ի՞նչ միջոց է ձեռնարկել Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունը միջադեպի առնչությամբ:

– Միջադեպի շուրջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահանջած բացատրությանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մ. Խաչատրյանը ընդամենը հայտնել է, որ՝ «տնօրենի պարզաբանման համաձայն` աշակերտի ինքնազգացողությունը վատացել է, եւ «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամի ավարտից 11 րոպե շուտ, դպրոցի տնօրենն իր անձնական մեքենայով նրան տուն է տարել, այնուհետեւ վերադարձել աշխատավայր: Դպրոցի տնօրենը զգուշացվել է՝ աշխատավայրից բացակայությունը գործատուի հետ համաձայնեցնելու, ինչպես նաեւ սովորողների կրթության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ»:

Փաստաբանը նաեւ հավելեց, որ դատական ակտի կատարումը ձախողելու շուրջ ուսումնական հաստատությունում տեղի ունեցող զարգացումները հիշյալ վարչությունը փորձել է մշտապես չնկատել, իսկ գրավոր բողոքներին պատասխանել է անթույլատրելի իրողություններին մեղմ երանգներ հաղորդելով:

Նշենք, որ փաստաբանը կանխատեսելով տեսակցությունը կազմակերպելու օրերին մոր կողմից երեխային թաքցնելու, այդ նպատակով երեխայի դպրոց հաճախումները դադարեցնելու զարգացումները, ինչպես նաեւ անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված՝ այդ հարցում դպրոցի տնօրենի կողմից ցուցաբերվելիք հնարավոր օժանդակությունը, դրանք կանխելու, այն է՝ դպրոցի տնօրենի պատասխանատվության շեմը բարձրացնելու նպատակով նախապես Երեւանի քաղաքապետարանին խնդրել էր տնօրենի վրա դնել երեխայի դպրոց հաճախումները դադարեցվելու դեպքում այդ մասին իրավասու մարմիններին անհապաղ հայտնելու պարտականությունը:

Երեւանի քաղաքապետարանը փաստաբանի պահանջը բավարարել էր՝ բայց եւ միեւնույն օրերի համար դպրոցի տնօրենին տրամադրել էր արձակուրդ: Ինչպես պարզվեց հետագայում՝ երեխայի դպրոց հաճախումները եւս այդ օրերին դադարեցվել էին «ընտանեկան եւ անձնական խնդիրներով պայմանավորված»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728