Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով «Զանգեզուրի միջանցքին»
Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է՝ հարեւանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է իր համար, նաեւ շեշտել են, որ հարգում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Իրանը նաեւ ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։
Չնայած Թեհրանի հստակ դիրքորոշմանը` Ադրբեջանի նախագահը բազմիցս պնդել է, նույնիսկ սպառնացել է դեպի Նախիջեւան Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացման համար։ Ալիեւը հունվարի վերջին էլ հայտարարեց՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անցյալ շաբաթ մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հանդես եկավ մի շարք խիստ ուշագրավ հայտարարություններով:
Կարդացեք նաև
Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում կանգնած է Հայաստանի կողքին, անգամ նշելով, որ չի ցանկանում գործածել «միջանցք» բառը: «Հայաստանն ու Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Մենք Հայաստանի հետ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք: «Զանգեզուրի միջանցքը» վնաս է ե՛ւ Իրանին, ե՛ւ Հայաստանին», -հստակ ընդգծեց դեսպանը:
Նա շեշտեց՝ ճանապարհների ապաշրջափակմանը դեմ չեն, եթե այն իրականացվում է տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա: «Ցանկացած ճանապարհ, որը ներառում է միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք: Մենք կողմ ենք հայտնի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային ու տարածքային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա», – նշեց դեսպանը:
«Մի թերագնահատեք Ձեր երկրի պաշտպանության կարողությունները». ՀՀ-ում Իրանի դեսպանի խորհուրդը
Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին հարց էին ուղղել` տեսնո՞ւմ է տարածաշրջանում էսկալացիայի ռիսկ եւ եթե դիվանագիտական ճանապարհով չհաջողվի կանխել ու Ադրբեջանը հարձակվի, ինչպիսի՞ն կլինի Իրանի դիրքորոշումը, հնարավո՞ր է լինի նաեւ ռազմական միջամտություն:
«Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով հարցերի լուծմանը: Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանում իրավիճակը չլարվի: Ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որեւէ բացատրություն չունի», – նշել է Սոբհանին:
Իրանի դեսպանն ընդգծեց՝ «կօգտագործենք Ադրբեջանի եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները՝ կանխելու ցանկացած հակամարտություն»:
«Ես չեմ ցանկանում հիմա խոսել այն մասին, թե ինչ է հնարավոր ապագայում տեղի ունենա ու հավանականությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտեմ: Բնականաբար, Հայաստանի դիրքորոշումը, որ իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի իր ինքնիշխանության ներքո, դա միջազգայնորեն ընդունված իրավունք է: Եթե ուղղորդվենք այս տրամաբանությամբ, ուստի նոր հակամարտություն պետք է տեղի չունենա, եւ մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ նոր հակամարտությունը կանխենք», – ասաց Մեհդի Սոբհանին` հավելելով. «Եթե հիմա հարձակում լինի, կարծում եմ, Հայաստանն ունի պաշտպանական հնարավորություն, Երեւանի պաշտպանական կարողությունները բավարար կլինեն պաշտպանելու իր երկիրը: Ձեր երկրի պաշտպանության կարողությունները մի թերագնահատեք` սեփական երկիրը պաշտպանելու հարցում»:
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանը զիջումների ու գործարքի չի գնա, չեն կատակում
Իրանի դեսպանը մի քանի ժամ տեւած ասուլիսում շեշտեց՝ խիստ դեմ են այն ամենին, ինչը կբերի Հայաստան-Իրան սահմանի փոփոխության, եւ մի քանի անգամ անդրադարձավ Բաքվի կողմից «Զանգեզուրի միջանցքի» պահանջի թեմային: Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանը զիջումների ու գործարքի չի գնա որ երկիր էլ որ լինի, քանի որ սա Իրանի անվտանգության հարցն է, ընդգծեց դեսպանն ու անգամ հավելեց, թե կատակ չեն անում այդ հարցում:
Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունե՞ն այս հարցում, հետաքրքրվեցին լրագրողները: «Մենք հստակորեն ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ մյուս երկրներին հայտնել ենք մեր հստակ դիրքորոշումը: Մենք դեմ ենք այն ճանապարհին, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո, մենք դեմ ենք այն ամենին, ինչը կբերի սահմանների փոփոխության: Մենք խիստ դեմ ենք այն ամեն ինչին, որը կհանգեցնի աշխարհաքաղաքական փոփոխության: Հստակ այդ մասին արտահայտվել ենք: Եվ այս հարցի առումով որեւէ երկրի նկատառումները հաշվի չենք առնում: Որոշ երկրներ փորձում են նման կասկած առաջացնել, որ Իրանը Զանգեզուրի հարցում իր դիրքորոշումները զիջել է, Զանգեզուրի հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված: Մենք մեր երկրի ազգային անվտանգության հարցում հաստատակամ ենք, որ երկիրն էլ լինի, սա մեր դիրքորոշումն է», – նշեց դեսպան Սոբհանին:
Հայաստան-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Թեհրանը դեմ չի, ընդհակառակը…
Հայաստանի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ ՀՀ-ում Իրանի դեսպանը հանդես եկավ ուշագրավ գնահատականներով, եւ դրանց հասցեատերը ոչ միայն Ադրբեջանն էր, այլեւ` Ռուսաստանը:
Գալով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ վերջերս ստորագրված ռազմավարական համաձայնագրին, Մեհդի Սոբհանին նկատեց. «Այդ փաստաթուղթն ավելի թույլ փաստաթուղթ է, քան նախկին իշխանությունների ժամանակ էր ստորագրվել։ Իհարկե, մեզ միշտ հաջողվել է Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ԱՄՆ կողմից կիրառվող այդ առավելագույն ճնշումների ազդեցությունից հեռու պահել։ Մեր եւ Հայաստանի իշխանությունների միջեւ փոխադարձ ըմբռնում եւ ընկալում կա այս հարցի շուրջ եւ խորապես գիտակցում ենք, որ մեր հարաբերություններն իրագործվում են ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրի կապակցությամբ Հայաստանի իշխանությունները մեզ ասել են, որ այն դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերություններին։ Հայաստանի իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որը կվնասի երկկողմ, կամ Իրանի շահերին»։
Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդական առաքելությանը, որոնց ներկայությունը հանգիստ չի տալիս Բաքվին ու Մոսկվային, ապա Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց. «ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ ռազմական առաքելություն է: Հայաստանի իշխանությունները ԵՄ դիտորդների ներկայության մասին ասել են, որ դա ուղղակի կայունությունը պահպանելու եւ լարվածությունը կանխելու համար է, եւ դա մեզ համար հասկանալի է: Հասկանում եւ ընկալում ենք դա»:
Նկատենք, պաշտոնական Բաքուն սեւեռված է ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ դիտորդական առաքելության ներկայության վրա: Ադրբեջանի իշխանությունները մի կողմից, ադրբեջանական պետական քարոզչամեքենան` մյուս կողմից, գիշեր-ցերեկ զբաղված են այս առաքելությանը ծաղրելով: ԵՄ դիտորդներին անվանում են «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնողներ եւ «լրտեսական գործունեություն ծավալողներ»: Ուշագրավն այն է, որ բացի Ադրբեջանից, նաեւ Ռուսաստանն է բավական մտահոգված ԵՄ դիտորդների գործունեությամբ, եւ հատկանշականն այն է, որ պաշտոնական Մոսկվան էլ նույն գնահատականներով է հանդես եկել: Առնվազն երկու անգամ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի տարածքում «լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին, ինչը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում»:
Հիմա, Հայաստանում Իրանի դեսպանի պարզաբանումն, ինչ-որ առումով, կարելի է «սառը ցնցուղի» ազդեցություն համարել ոչ միայն Բաքվի, այլեւ` ՌԴ ԱԳՆ-ի համար, որտեղ որոշել էին Իրանին «պաշտպանել», կամ այս հարցով Երեւան-Թեհրան հարաբերություններում լարվածության հիմքեր ստեղծել ու հասնել նրան, որպեսզի Թեհրանն էլ պահանջեր ՀՀ տարածքից ԵՄ դիտորդների հեռացման, ինչը, սակայն, տեղի չունեցավ:
Անդրադառնալով ԵՄ ինտեգրման վերաբերյալ խոսակցություններին, դեսպան Սոբհանին նշեց, որ ՀՀ կառավարության կողմից արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հարցին հարգանքով են վերաբերվում. «Հայաստանի իշխանությունները մեզ բացատրել են, որ ԵՄ եւ մի շարք եվրոպական երկրների հետ հարաբերությունները կարող են հնարավորություններ ստեղծել նաեւ Իրան-Հայաստան հարաբերությունների համար: Եթե ՀՀ-ն կարողանա ԵՄ եւ առհասարակ եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելով՝ այն օգտագործել Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում, մենք դա դրական ենք դիտարկում»:
Այս հարցում էլ Թեհրանի կողմից հստակ արձանագրվեց, ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի խորացումը օգուտ կբերի հայ-իրանական հարաբերություններին, եւ այս տեսանկյունից իրենք դրական են գնահատում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները։
Հայ-իրանական համապարփակ ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի
Հայաստանում Իրանի դեսպանը նաեւ հայտնեց, որ Հայաստանն ու Իրանը ներկայումս աշխատում են համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Դեսպանի խոսքով՝ փաստաթուղթը լինելու է համապարփակ եւ երկարաժամկետ, վերաբերելու է Հայաստանի եւ Իրանի համատեղ երկարաժամկետ ծրագրերին եւ պայմաններ է ստեղծելու բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
«Փաստաթղթում զետեղված կլինեն առկա իրողությունները, հնարավորություններն ու ներուժը»,- նշեց Մեհդի Սոբհանին` հավելելով, որ Երեւանի եւ Թեհրանի փոխգործակցությունը գիտության եւ մշակույթի ոլորտում ծրագրերի իրականացման շրջանակներում երկու երկրների հարաբերությունների անբաժանելի մասն է, եւ Իրանն այդ ոլորտներում փոխգործակցությունը համարում է հանրային կապիտալ։ Դեսպանն անդրադարձել էր նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը եւ նշել Արաքս գետի վրա երկրորդ կամուրջ կառուցելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ նման եզրակացության է եկել՝ հիմնվելով երկու երկրների միջեւ մարդկանց սահմանային տեղաշարժի եւ տրանսպորտի վերաբերյալ վիճակագրական տվյալներին։
«Վերջին 10 ամսվա ընթացքում երկու երկրների միջեւ 231 հազար 293 քաղաքացու փոխայցեր են կատարվել, որից 66 հազար 593-ը Հայաստան այցելած Իրանի քաղաքացիներն են, 164 հազար 700-ը՝ սահմանը հատած Հայաստանի քաղաքացիները»,- մանրամասնեց դեսպանը։ Նա նաեւ հիշեցրեց Թեհրանի մտադրությունը՝ առաջին փուլում երկու երկրների միջեւ 75 միլիոն դոլարի առեւտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի եւ աշխատել այդ թիվը հասցնել 3 միլիարդ դոլարի, ինչը կարող է նաեւ նպաստել ԵԱՏՄ շրջանակներում երկրների փոխգործակցությանը։
Ի դեպ, դեսպան Սոբհանին անդրադարձավ նաեւ աղմկահարույց տեսանյութին, երբ Իրանի մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգել էին «Ղարաբաղ» երգը, եւ որը տարածվել էր համացանցում: Կասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել, պառակտել երկու երկրների հարաբերությունները, շեշտեց դեսպանը, հավելելով. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է: Ովքեր, որ ռասիստական ու ազգայնական լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչներն են եւ ոչ էլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշում արտահայտողները… Նման արարքները մեր երկրի ներսում մեր ժողովրդի կոնսոլիդացիայի վրա, նաեւ մեր երկրի ազգային համաձայնության քաղաքականության վրա չեն ազդում», – ընդգծեց Սոբհանին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 11.02.2025