Նորմալ է փոքրամասնություն լինելը, աննորմալ է այդ պատճառով միակ ճշմարտության կրողը հռչակվելը
«Սատանան սկսվում է փրփուրը բերանին հրեշտակից, որն արդար գործի համար մարտի մեջ է մտել: Ամեն ինչ մոխիր է դառնում՝ թե՛ մարդիկ, թե՛ համակարգերը: Բայց հավերժ է ատելության ոգին արդար գործի համար պայքարում: Եվ դրա շնորհիվ չարիքն աշխարհում վերջ չունի»: Ռուսաստանցի փիլիսոփա Գրիգորի Պոմերանցի այս խոսքերը հաճախ են մեջբերվում, բայց արդիական են միշտ՝ հասարակական, մշակութային կյանքի տարբեր դրսեւորումներում:
«Պայքարի» տրամաբանությունը՝ այնպես, ինչպես որ այն սովորաբար հասկացվում է, միշտ ենթադրում է բռնել փայտի հակառակ ծայրից եւ ծռել այն քո կողմը (ռուսերեն արտահայտություն կա՝ перегибать палку): Ոչ ոք՝ ո՛չ խաչակիրները, ո՛չ կաթոլիկ հավատաքննիչները, ո՛չ բոլշեւիկները, ո՛չ իսլամական տեռորիստները, ո՛չ նացիստները, ո՛չ էլ նույնիսկ «Կարմիր կխմերները» «պաշտոնապես» չէին հայտարարում, որ կռիվ են տալիս՝ հանուն չարիքի հաղթանակի; Նրանց հռչակած նպատակները առնվազն ունեին իրենց որոշակի տրամաբանությունը եւ բնակչության որոշակի մասի համար՝ միանգամայն ընդունելի էին ու ցանկալի: 2018 թվականի հեղափոխության կարգախոսները՝ կոռուպցիայի, ամենաթողության, իշխանավորների ամբարտավան կեցվածքի մերժումը նույնպես հասկանալի էին ու ընդունելի: Այլ հարց է, թե ինչի է այդ ամենը վերածվել:
Ի՞նչն է այստեղ խնդրահարույց: Ինձ թվում է, խնդիրն այն է, որ ցանկացած գաղափար կամ սկզբունք չպիտի մահակ դառնա այդ սկզբունքի կամ գաղափարի հետ չհամաձայնողների դեմ: Մանավանդ՝ եթե հռչակվում են ազատական սկզբունքներ: Ասել՝ «մենք լայնախոհ ենք եւ պայքարում ենք բոլոր ոչ լայնախոհների դեմ», կամ՝ «մենք հանդուրժող ենք եւ պայքարում ենք անհանդուրժողների դեմ» նման է խորհրդային շրջանի կատակին՝ «աշխարհում այնպիսի խաղաղություն կհաստատենք, որ քարը քարին չենք թողնի»: Հանդուրժողականության խիստ կանոններ հաստատելը, այդ հարցում դատավոր ինքնահռչակվելը բերում է խորը անհանդուրժողականության:
Իմ հայրենակից եւ համաքաղաքացի Վաղարշակը որոշել է դառնալ Լիլիթ: Դա նրա գործն է՝ ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Եթե նա այդպես է իրեն տեսնում, ես նրան ընդունում եմ եւ հարգում եմ որպես Լիլիթի: Բայց դա չի նշանակում, որ նա պետք է դրա համար ինչ-որ հավելյալ արտոնություններ կամ հավելյալ ֆինանսավորում ստանա: Կամ ձեռք բերի հավելյալ ագրեսիա դրսեւորելու իրավունք: Ինչո՞վ է նա ավելի լավը, քան հարյուրավոր Լիլիթները, որոնք ի ծնե աղջիկ էին:
Եթե ես հիմա որոշեմ փողոց դուրս գալ փետուրներով՝ վերարկուի փոխարեն, ո՞վ կարող է ինձ որեւէ բան ասել: Բայց ինչո՞ւ պետք է հասարակությունը ինձ գլխի վրա ման տա իմ փետուրների համար: Ինչո՞ւ ես պետք է դրա համար դրամաշնորհներ ստանամ՝ դարձնելով փետուրներ կրելը բիզնեսի տեսակ: Ինչո՞ւ պիտի հարձակվեմ բոլոր վերարկու հագնողների վրա: Եթե աղջիկն իր մազերը ներկում է կապույտ գույնի, ես դա ընդունելի եմ համարում: Անընդունելի է, երբ բոլոր աղջիկներից պահանջվում է այդպես ներկել մազերը, իսկ նրանց, ովքեր չեն ներկում, մտցնել «հետամնացների» շարքերը: Էլ ո՞ւր մնաց բազմազանությունը:
Բրիտանացի ընկերաբան Զիգմունդ Բաումանը ցավով գրում էր, որ այլ մշակույթները հաճախ մատուցվում են որպես այլասերման արդյունք, որպես անառողջ, հաճախ պաթոլոգիկ շեղում «նորմալից», որպես ավերում, անոմալիա: Բայց դա, իհարկե, այդպես չէ:
Իսկապես՝ ի՞նչն է նորմալ՝ հիջաբ կրե՞լը, թե՞ չկրելը: Երկուսն էլ, կարծում եմ, նորմալ է: Աննորմալ է, երբ ստիպում են հիջաբ կրել կամ չկրել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2025