Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ վերադասության կամ դատական կարգով քննարկել ակցիայի 8 մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը. Արմեն Խաչատրյան

Փետրվար 11,2025 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից 2025 թվականի հունվարի 31-ից սկսված բողոքի ակցիայով մասնավորապես ներկայացվել են հետևյալ  պահանջները՝

✅աշխատավարձերի զգալի բարձրացում արդարացի համահարթեցման միջոցով,

✅աշխատանքային պայմանների բարելավում, անհրաժեշտության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, մասնավորապես կարևորվել է որոշ արտադրամասերում օդափոխության հետ կապված խնդիրը,

✅հայտարարվել է նաև, որ գրեթե չի գործում առողջության ապահովագրության համակարգը, և մրցույթը շահած ապահովագրական ընկերությունը պատշաճ ծառայություն չի մատուցում։

Բողոքի ակցիային են միացել մեծ թվով աշխատակիցներ, ինչի արդյունքում Կոմբինատի գործունեությունը գրեթե դադարեցվել է։

Փետրվարի 9-ին և 10-ին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ հանդիպումներ եմ ունեցել ակցիայի մասնակիցների, ինչպես նաև՝ Կոմբինատի ղեկավարության հետ։ Բանակցություններին են միացել նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ Տիրուհի Նազարեթյանը։ Այդ ընթացքում Կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին պաշտոնական կայքով տարածել է երկու հայտարարություն, ըստ որոնց՝ աշխատավարձերի համահարթեցման, աշխատանքային պայմանների և ապահովագրական համակարգի բարելավման ուղղությամբ կձեռնարկվեն միջոցներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ողջամիտ ժամկետում ։

Բանակցությունների ընթացքում, ինչպես նաև՝ ԶՊՄԿ պաշտոնական հաղորդագրություններում, ըստ էության, Կոմբինատի ղեկավարությունը պաշտոնապես հանձն է առել աշխատավորների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ, ինչը մի քանի անգամ հավաստել է տնօրեն Ռ.Խուդոլին։

2025 թվականի փետրվարի 10-ի երեկոյան, բողոքի ակցիայի մասնակիցների հետ քննարկելով վերը նշված հանգամանքները, մասնավորապես՝ Կոմբինատի ղեկավարության կողմից աշխատավորների բարձրացրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրելու և լուծելու հանձնառությունը՝ մասնակիցները որոշում կայացրեցին դադարեցնել բողոքի ակցիան և անմիջապես անցնել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը՝ վերագործարկելով չաշխատող արտադրամասերը։

Շնորհակալություն եմ հայտնում Կոմբինատի աշխատավորներին, ովքեր մասնակցելով բողոքի ակցիաներին՝ խստորեն պահպանել են հասարակական կարգը և համակեցության կանոնները։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին և տեղակալ Տիրուհի Նազարեթյանին ներգրավվածության և ցուցաբերած աջակցության համար։

Շնորհակալություն ԶՊՄԿ ղեկավարությանը աշխատավորների բարձրաձայնած խնդիրներն արձանագրելու և դրանք լուծելու հանձնառություն ստանձնելու համար։

Հուսով եմ՝ այսուհետ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված խնդիրների բարձրաձայնման համար բողոքի ակցիաների անհրաժեշտություն չի լինի, և հարցերը կլուծվեն ինստիտուցիոնալ եղանակով։ Այս համատեքստում խիստ կարևորում եմ Կոմբինատի արհմիության պատշաճ գործունեության անհրաժեշտությունը։

Առաջարկում եմ վերադասության կամ դատական կարգով քննարկել ակցիայի 8 մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը։

Միաժամանակ իմ մանդատի լիազորությունների շրջանակում հետևողական եմ լինելու Քաջարան քաղաքի բնակիչների, ինչպես նաև՝ ԶՊՄԿ աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման հարցում»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728