Լրահոս
Օրվա լրահոսը

In memoriam. Լրագրող Արմեն Դուլյանը

Փետրվար 11,2025 22:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմեն Դուլյանի մահվան մասին իմացա Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում բարդ վիրահատության հաջորդ օրը, հոգեհանգստի գնալու տարբերակ չկար։ Ափսոսացի: Մտքովս անցավ, որ հրաժեշտ տալով նրան՝ կփակեի կյանքիս ընթացքում կուտակված բազմաթիվ գելշտատերից գոնե մեկը: Ու ինքս ինձ խոստացա, որ ապաքինվելուց հետո գոնե մի փոքր տեքստ կգրեմ լրագրող Արմեն Դուլյանի մասին․․․։

Արմենի հետ ծանոթացա 1992 թ. գարնանը։ Այդ ժամանակ նա համախոհների հետ «Սնարք» լրատվական գործակալության հիմնադրման փուլում էր, ես՝ Գերագույն Խորհրդի պաշտոնաթերթ «Республика Армения»-ն էի ղեկավարում։ Պայմանավորվել էինք համագործակցության մասին ու շաբաթը մեկ-երկու անգամ Արմենից շատ որակյալ տեքստեր էինք ստանում ու տեղադրում թերթի հերթական համարում։ Կարճ ժամանակ անց պաշտպանության նորանշանակ նախարար Վազգեն Մանուկյանի առաջարկով՝ Արմեն Դուլյանը գլխավորեց ՊՆ տեղեկատվական ծառայությունը, իսկ մեր կարճ տևած փոխգործակցությունը լրիվ այլ ընթացք ու զարգացում ստացավ ու երկարեց համարյա 30 տարի։

Համարյա 30 տարի տարբեր մեդիաներում Արմենը իր նախընտրած սիրելի գործով էր զբաղվում․ տեքստեր էր գրում իր իսկ հեղինակած հաղորդումների համար, տեսակետներ էր արտահայտում, քննադատում էր, հեգնում էր, վերլուծում էր։ Տարօրինակ զուգադիպությամբ, ես էլ (բայց ի տարբերություն Արմենի՝ ոչ միշտ սիրով) ղեկավարում էի այն պետական կառույցները, որոնք այս կամ այն չափով վերահսկում էին այդ մեդիաների գործունեության համապատասխանությունն օրենսդրությանը և երբեմն լրատվամիջոցների համար ոչ հաճելի որոշումներ կայացնում։

1994 թ․ չեմ հիշում որ ամսին, Հեռուստառադիոպետկոմի ղեկավարը լինելով, լուծարում եմ հայկական ռադիոյի քաղաքային ցանցով «Ազատության» հաղորդումները հեռարձակելու մասին պայմանագիրը։ Բնականաբար, դժգոհության ալիք է բարձրանում, ինձ մեղադրում են ռադիոկայանի «փակման» և այլ մահացու մեղքերի մեջ։ Ու իմ հասցեին ամենակոշտ, տարիներով շարունակվող քննադատա-մեղադրական ջրհեղեղի հեղինակը «Ազատության» մեկնաբան Արմեն Դուլյանն էր։ Այո, հենց ջրհեղեղի։ Շարունակելով աշխատել նույն «փակված» «Ազատությունում», հետո հեղինակային հաղորդումներ պատրաստելով «Շանթ»-ում, «Կենտրոն»-ում, Հանրային ռադիոյում, «Սպուտնիկ»-ում՝ Արմենը ցանկացած առիթով հիշատակում էր «Ազատության» (հետո ավելացավ «Հ2»-ը, «Երկիր մեդիան» ) «փակման» գործում իմ դերակատարությունը։

Ու վերջին ակորդը․․․ 2024 թ․ սկզբին մեր հանձնաժողովը 30 օրով կասեցրեց «Սպուտնիկ» ռադիոյի հեռարձակումը (ու ճիշտ արեց)։ Կարծում եմ, կռահեցիք, որ հերթական անգամ աստղերն այնպես էին դասավորվել, որ Արմենն այդ ժամանակ հենց «Սպուտնիկ»-ում էր վարում իր հեղինակային հաղորդումը․․․։

Արմեն Դուլյանի կշտամբանքներին որեւէ անգամ չեմ պատասխանել, ու հիմա կարող եմ ասել, թե ինչու։ Իմ կարծիքով, նա այն եզակի լրագրողներից էր, որոնց հնարավոր չէր նյութապես շահագրգռել, գաղափարապես ոգևորել, «կապել» այս կամ այն լրատվամիջոցի տիրոջ/տերերի նպատակներին ծառայող բովանդակության ստեղծմանն ու տարածմանը։ Կաշխատեր Արմենը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն»-ում, թե ՌԴ պետական բյուջեից սնվող «Սպուտնիկում», հանրայինի «Առաջին ալիք»-ում, թե «մասնավոր-կուսակցական» «Կենտրոնում» նա ստեղծում ու տարածում էր ԻՐ սեփական տեքստերը, որոնք արտացոլում էին ԻՐ տեսակետները։ Որոնց հետ կարող էինք համաձայնել կամ ոչ, բայց եկեք խոստովանենք, որ դրանք չէին տեղավորվում գործատու լրատվամիջոցի «գաղափարական ծիրին մեջ»։ Քանի՞ այդպիսի լրագրող դուք կգտնեք այսօր։

Մի խոսքով, ոչ մի լրատվամիջոց ի զորու չեր «ընտելացնել» լրագրող Արմեն Դուլյանին։ Եվ ենթադրում եմ, որ նա հրաժեշտ էր տալիս հերթական խմբագրությանը, երբ խախտում էին Արմենի կողմից գծած կոմպրոմիսների շրջանակը։ Արմենի գծած կոմպրոմիսների շրջանակից դուրս էր, ինչպես պարզվեց, նաև ցանկացած ոտնձգություն լրատվամիջոցի անխափան գործունեության դեմ, ինչը նա տեսնում էր իմ (իհարկե, պայմանական «իմ») գործողություններում։ Արմենի համար դա բացարձակ ճշմարտություն էր, ինչը կասկածի տակ դնելը, հակափաստարկներ ներկայացնելը անպտուղ զբաղմունք էր լինելու։ Ու ես լռում էի․․․

Ահա այսքանն էի ուզում ասել լրագրող Արմեն Դուլյանի մասին։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728