Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը

Փետրվար 11,2025 22:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականին Արարատ Պողոսյան օգտատերը համացանցում արբանյակային պատկերներով տեսանյութ էր հրապարակել, որով հավաստվում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ 2019 և 2024 թվականներին արված արբանյակային պատկերները փաստում են գյուղի հիմնահատակ ավերումը։

Հարկ է նշել, որ բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Մարիամաձոր գյուղը Հադրութի գեղատեսիլ գյուղերից էր (նկ․ 1)։

Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են 16-17-րդ դարերի Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), Շենին կամուրջը, Վնեսաբերդ ամրոցը և այլն։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագիրը մանրամասն նկարագրել է գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին (նկ․ 2), որը գտնվում էր գյուղի հարավ-արևմտյան մասում։ Եկեղեցին կառուցվել է 1601 թվականին, որի մասին վկայում է մուտքի բարավորի վրա թողնված արձանագրությունը՝ «Թվ[ին] ։ՌԾ։»: Ըստ Մ․ Բարխուդարյանցի հյուսիսային կամարի վրա արձանագրված էր եկեղեցին կառուցողի հիշատակագրությունը՝ «Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր», նույն կամարի մյուս կողմում, մեկ այլ արձանագրություն՝ «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին․․․» (մանրամասն տես՝ Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին):

Իսկ գյուղամիջով հոսող վտակի վրա գտնվում էր Շենին կամուրջը (նկ․ 3), որն իրար էր կապում գյուղի երկու հիմնական թաղամասերը: Կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է Շենին աղբյուրը (տես՝ Մարիամաձորի Շենին կամուրջը):

Գյուղում էր գտնվում նաև Վնեսաբերդ ամրոցը՝ հիմնված 12-14-րդ դարերում, որը ծառայել է մինչև 18-րդ դարը։

Մեր արձագանքը

Մարիամաձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին – Monument Watch) ։ Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Մարիամաձոր գյուղի ոչնչացումը պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծառայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն ( 8-րդ հոդված, 2-րդ կետ, բ) մաս, ix դրույթ):

Նկ․ 1 Մարիամաձոր գյուղ, լուս.՝ step1.am կայքից։

Նկ. 2 Սուրբ Մինաս եկեղեցին հյուսիս-արևելքից, 2019 թ., լուս․՝ Գ․ Բուդաղյանի։

 

Նկ․ 3 Շենին Կամրջի ընդհանուր տեսքը, 2019 թ․, լուս․՝ Գ․ Բուդաղյանի։

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728