Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը իրականացնում է աշխարհի մակարդակով ամենախոշոր մշակութային ցեղասպանությունը. Հովիկ Ավանեսով

Փետրվար 11,2025 22:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխարհի գերտերությունները և միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարություններում հաճախ մատնանշում են մարդու հիմնարար իրավունքները և համամարդկային արժեքները: Սակայն, 21-րդ դարում հենց այդ նույն կազմակերպությունների և տերությունների աչքի առաջ, նրանց լռությամբ և մեղսակցությամբ, Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը ժամանակավորապես բռնազավթված Արցախում իրականացնում է աննախադեպ մշակութային ցեղասպանություն: Որպեսզի պարզ լինի, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը, մեկ անգամ ևս հիշեցնենք, որ ամեն շաբաթ մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոնները իրենց մշտադիտարկումներով արձանագրում են երկու հուշարձանի հանդեպ վանդալիզմ կամ ոչնչացում։

Ադրբեջանը նպատակային և համակարգված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը՝ կոպտորեն խախտելով միջազգային կոնվենցիաները և մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Այլևս խոսքը չի վերաբերում միայն պատմա-ճարտարապետական հուշարձանների կամ եկեղեցիների ավերմանը . գործ ունենք ամբողջական բնակավայրերի լիակատար ոչնչացման հետ: Արցախի հայկական հետքը վերացվում է ամենօրյա ռեժիմով, և այս հանցագործությունը իրականացվում է պետության ամենաբարձր մակարդակով՝ ուղղակիորեն Իլհամ Ալիևի հրահանգով:

Այս քաղաքականության զոհ են դարձել Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենեսն ու Մարիամաձորը, ինչպես նաև Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում գտնվող պատմական արժեք ներկայացնող կառույցները, որոնց թիվը անընդհատ աճում է:

Վառ ապացույցն է  տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված հերթական տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը հիմնովին ավերել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը՝ ոչնչացնելով նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Միջազգային հանրության անգործությունը, համարժեք արձագանքի բացակայությունը և նույնիսկ որոշ երկրների ղեկավարների ապօրինի այցերը բռնազավթված տարածքներ, նրանց ադրբեջանական քարոզչության գործիքներ դարձնելը, վկայում են այն մասին, որ նրանք ոչ միայն աչք են փակում կատարվող հանցագործությունների վրա, այլև դառնում են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները:

Ադրբեջանի այս բարբարոս քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանական ծրագրի շարունակությունն է, և այն չի կարող մնալ անպատիժ: Յուրաքանչյուր երկիր կամ կազմակերպություն, որը լռում է կամ նպաստում ադրբեջանական սանձարձակությանը, մեղսակից է այս մշակութային ոճրագործությանը և կիսում է պատասխանատվությունը ապագա սերունդների առջև:

Ի վերջո, որևէ ժողովրդի մշակույթի ոչնչացումը ևս ցեղասպանության բաղադրիչ է։ Իսկ պատերազմների ժամանակ մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար ևս սահմանվում է պատիժ` միջազգային իրավունքի բոլոր նորմերով ու կոնվենցիաներով։ Մինչդեռ այսօրվա միջազգային հանրության համար կարևորը համամարդկային արժեքները չեն։ Արցախի մշակութային ցեղասպանության հանդեպ բառացիորեն զրո արձագանքը այս փաստի վկայությունն է։

 

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728