Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք ԶՊՄԿ-ից ազատված անձինք վերականգնվել են աշխատանքում․ ի՞նչ են պարզաբանել ընկերությունից

Փետրվար 11,2025 21:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

11 օր տեւած գործադուլից հետո, երկուշաբթի՝փետրվարի 10-ի երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները վերադարձան աշխատանքի։ Չնայած ԶՊՄԿ-ի տնօրինությունն ու արհեստակցական միությունը հանքագործների բողոքը գործադուլ չէին համարում, այնուամենայնիվ բողոքավորները պահանջում էին աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում, ինչպես նաեւ ապահովագրական պատշաճ ծառայությունների մատուցում։

Բողոքի ցույցերի ժամանակ ԶՊՄԿ տնօրինությունը աշխատանքից ազատեց 8 հոգու։ Դրանից հետո ցուցարարների պահանջը մեկով ավելացավ՝ աշխատանքում վերականգնել իրենց գործընկերներին։ Արդյո՞ք վերջիններս վերականգնվել են աշխատանքում՝ մեր հարցին ի պատասխան ԶՊՄԿ-ի լրատվության ու հանրության հետ կապերի բաժնից պարզաբանեցին․ «Աշխատանքից ազատված 8 անձանց գործողությունները, ընկերության գնահատմամբ՝ անօրինական էին, իսկ ընկերությանը հասցված վնասը՝ զգալի։ Օրենքով նախատեսված կարգով նրանք ազատվել են աշխատանքից, եւ այդ որոշումը անփոփոխ է»։

Իհարկե, աշխատանքից ազատվածները կարող են իրենց իրավունքների համար դիմել դատարան։

Միաժամանակ, ըստ պարզաբանման, ԶՊՄԿ-ն որեւէ դիրքորոշում չի փոխել, պարզապես իր աշխատակիցների համար հստակեցրել է այն ինչ ասվել էր ի սկզբանե «մինչեւ անօրինական ձեւով արտադրություն խափանումը»։

Կոմբինատն իր աշխատակիցներին ներկայացրել է երաշխիքներ՝ որ դեռեւս սեպտեմբերից ներդրվող վարձատրության համահարթեցման համակարգը շարունակվելու է ներդրվել, ըստ որի աշխատավարձային ֆոնդը կավելանա ընդհանուր՝ միջինում մինչեւ 20%-ով։ Սա արդեն գործարկվել էր ու անկախ վերջին օրերի իրադարձություններից՝ շարունակվելու է, իսկ աշխատակիցներին պարզապես կներկայացվեն փոփոխությունների սկզբունքները։

«Ինչ վերաբերում է ասպիրացիոն եւ օդափոխության նոր համակարգերին, ապա դրանց տեխնիկական աուդիտը եւ նախագծումը սկսվել է 2 տարի առաջ, ավարտին կհասցվեն եւ կտեղադրվեն 2025թ-ի վերջին՝ հիմնական խոշոր արտադրամասերում։ Այս փոփոխությունները ընկերությունը կատարելու էր անկախ բողոքի ցույցերից ու անօրինական գործադուլից, քանի օր դա առաջիկա ծրագրերից էր ու անհետաձգելի միջոցառումներ էին գնահատվել»,-նշված է պարզաբանման մեջ։

Առողջության ապահովագրության ծառայությունից դժգոհությունները հաշվի առնելով, ընկերությունը որոշել է փոխել ապահովագրական ծառայություն մատուցող կազմակերպությանը, ու արդեն հայտարարվել է նոր մրցույթ։

Կոմբինատի վարչակազմն ափսոսում է, որ ոչ բոլոր աշխատակիցներն էին տեղեկացված ընթացիկ բարեփոխումների մասին, ու այսուհետեւ իր բոլոր որոշումների վերաբերյալ առավել մանրամասն եւ հասցեական իրազեկումներ կիրականացնի։

«Այնպես կանենք, որ ընկերության ավելի քան 4.600 աշխատակիցները տեղյակ լինեն սպասվող փոփոխություններից ու բարելավումներից, բացի այդ ընկերության ղեկավարությունը պարբերաբար հանդիպումներ կունենա բոլոր աշխատակիցների հետ՝ հենց իրենց արտադրամասերում՝ աշխատակիցների հետ սպասվելիք փոփոխություններ քննարկելու նպատակով»,-ի պատասխան մեր հարցման՝ նշված է ԶՊՄԿ-ի լրատվության ու հանրության հետ կապերի բաժնի պարզաբանման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728