Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյան. «Նման հարցեր ինձ մի տվեք, ինձ զինվորական հարցեր տվեք, տվեք այնպիսի հարցեր, որին զինվորականը կարող է պատասխանել»

Փետրվար 11,2025 21:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների զորամասի» պայմանագրային զինծառայողների զոհվելու, անհետ կորելու եւ գերեվարվելու գործով մեղադրվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը ՀԿԴ-ում այսօրվա նիստի ավարտին լրագրողների հետ կարճատեւ շփման ընթացքում ասաց. «Կասեմ հետեւյալը: Ես իմ կյանքը դրել եմ հայկական բանակում, մասնակցել եմ մարտական բոլոր գործողություններին: Թուրքի հետ ի՞նչ խաղաղություն: Թուրքը չի ուզում խաղաղություն մեզ հետ, ես չեմ հասկանում, ես չեմ պատկերացնում: Եթե կլինի խաղաղություն, միանշանակ ես դրան կողմ եմ»:

Հարցին, թե հինգ տարի այս դատավարությունն ընթանում է եւ այդքան անեծք ծնողների կողմից, ինքը մեղքի զգացողություն ունի՞, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց. «Մարդը բարձրագույն կրթություն ստանում է, որպեսզի ունենա բարձրագույն մտածելակերպ: Եվ իմացեք, թե ում ինչ հարց եք տալիս: Ես գեներալ-լեյտենանտ Մակարյանն եմ եւ ամբողջ կյանքը ծառայել եմ իմ հայրենիքին, իմ ժողովրդին: Դրա համար եմ ասում՝ պետք է ունենալ բարձրագույն մտածելակերպ»:

Հետաքրքրվեցինք. ինքը չի հավատում թուրքի հետ խաղաղությանը, իսկ Հայաստանի ղեկավարությունը թուրքի հետ խաղաղության է ձգտում՝ ի՞նչ կասեի, ինչպե՞ս դա կգնահատի: «Շատ լավ է, թող ձգտեն: Ես այդ հարցին արդեն պատասխանեցի. խաղաղություն այն թշնամու հետ, որը խաղաղություն է ցանկանում: Կլինի՞ խաղաղություն՝ դրա ամենամեծ կողմնակիցն եմ: Ամենից շատ խաղաղություն ուզում եւ ձգտում են զինվորականները, որովհետեւ իրենք են գիշեր-ցերեկ քաշքշվում, իրենք են կյանքը տալիս, իրենք են մնում առանց ընտանիքի»,-պատասխանեց գեներալ-լեյտենանտը:

Ճշտող հարցին, թե խաղաղություն չցանկացող թշնամու հետ խաղաղության ձգտումը երկիրը չի՞ տանում կործանման, Անդրանիկ Մակարյանը չպատասխանեց: «Նման հարցեր ինձ մի տվեք, ինձ զինվորական հարցեր տվեք, տվեք այնպիսի հարցեր, որին զինվորականը կարող է պատասխանել»,-ասաց նա:

Ավելի հստակ ձեւակերպված զինվորական հարցին, թե բանակը սահմանից հետ քաշելը եւ ԱԱԾ սահմանապահ զորքեր տեղակայելը Հայաստանի անվտանգությանը օգո՞ւտ է, թե չէ, գեներալը պատասխանեց. «Ամեն մի գործողություն ունի իր նպատակը: Ես արդեն երեք տարի բանակից զորացրված եմ: Չեմ իմանում, թե ինչ է կատարվում ոչ առաջնագծում, ոչ երկրորդում եւ այլն: Արդեն ասացի, որ խաղաղության ձգտում են այն հակառակորդի հետ, որը դրա ցանկությունը ունի: Եթե ունի, խնդրեմ, մենք խաղաղության ամենամեծ երկրպագուն ենք: Ո՞վ է ուզում ամենամեծ խաղաղությունը: Բոլոր զինվորականները, որովհետեւ իրենք գիտեն դրա գինը՝ խաղաղության եւ պատերազմի գինը»,- պատասխանեց ԳՇ պետի նախկին տեղակալը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728