Մերձավանում զինված միջադեպի գործով հետախուզվող երեք անձանցից մեկը սպանության անմիջական մասնակիցներից է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՀԺ-ն նաև հղում կատարելով Ախտոյանի եղբորը՝ գրել էր, որ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերձավան բնակավայրում ի կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ծննդյան օրն է եղել։ Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ վեճը կարող է ծագած լինել՝ «թայֆայական» հարցերի շուրջ՝ նախկին գյուղապետի «թևի» հետ տևական թշնամանքով պայմանավորված, այդ հողի վրա մշտապես վեճեր են եղել։
Կարդացեք նաև
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն վեցը, մասնավորապես, նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մյուս երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Քրեական գործով երեք անձի նկատմամբ էլ, որոնցից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, սպանությունը կատարած անձանցից է, հետախուզում է իրականացվում։
«3 անձանցից մեկը սպանություն կատարած անձանց թվում է: Վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Ավդալյանը։
Ինչ վերաբերում է դեպքի վայրում կիրառված զենքերին, ապա Ավդալյանը հայտնեց, որ նախնական տվյալներով՝ դեպքի վայրում եղել է մեկ ինքնաձիգ և մեկ ատրճանակ։ Հանցագործության գործիք ինքնաձիգը դեռևս չի հայտնաբերվել։