Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արցախյան 44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների զորամասի» պայմանագրային զինծառայողների զոհվելու, գերեվարվելու, անհետ կորելու գործով դատական նիստը: Հարցաքննվող վկա Մանուչարյանը դատարանին մեկ անգամ եւս ներկայացրեց դատաքննության ընթացքում քննիչին տված ցուցմունքները, որից հետո դատավոր Սարգիս Դադոյանը, մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը, տուժողների իրավահաջորդ ծնողները, մեղադրյալներ Անդրանիկ Մակարյանի եւ Վարդան Ալեքսանյանի պաշտպանները տեղի ունեցածի ընդհանուր պատկերը կազմելու նպատակով վկային ուղղեցին բազմաթիվ հարցեր:
Վկայի տված պատասխանները հստակ չէին եւ հակասում էին միմյանց, ինչը պարբերաբար հունից հանում էր ծնողներին: Վերջինները ոչ միայն տեղերից իրենց ցասումն էին արտահայտում, այլեւ դատարանին հորդորում հենց տեղում նրան կալանավորել սուտ ցուցմունք տալու համար: Իսկ տուժածների իրավահաջորդներից մեկը դիմելով նախագահող դատավորին՝ հայտարարեց. «Հարգելի դատավոր, հենց հիմա վկան սուտ ցուցմունք է տալիս»:
Կարդացեք նաև
Պայմանավորված նրանով, որ դատավորն այսօր նախապես նշանակված մեկ այլ դատ էլ ուներ, որում կալանավորման հարց էր քննարկվելու, դատական նիստը հետաձգվեց: Վկայի հարցաքննությունը կշարունակվի փետրվարի 18-ին, ժամը 10:00-ին:
Ըստ հարուցված քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետեւանքով «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, Զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, 2020 թ.նույն զորամասի շտաբի նախկին պետ Սարգիս Կուլակչյանին եւ կապիտան Էլլադա Հարությունյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ