«Ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման մարմիններից, ՏԻՄ մարմիններին պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից, ավտոկայանատեղերից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալ հասանելիություն դրանց տարածքում՝ շինության դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին»,- ՀՀ ԱԺ-ում ներկայացնելով իր առաջարկած օրենսդրական նախագիծը՝ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հիմնավորելով, թե հանձնաժողովի նիստում ինչու են իրենք ձեռնպահ քվեարկել, ասաց․ «Բերել եմ կոնկրետ օրինակ։ Այսօր էլ ոստիկանության կամ ԱԱԾ-ի ձեռքում հայտնվող տեսանյութերը քաղաքական նպատակով շատ հաճախ հայտնվում են իշխանական մամուլում»։
Հայկ Սարգսյանը վստահեցրեց․ «Այն աշխատակիցը, որը մտնելու է և տեսախցիկները նայի, նրա տվյալները, ժամը, նպատակն է ֆիքսվելու, թե ինչու է նա այդ տեսախցիկից օգտվում։ Սա թույլ է տալու արտահոսքի դեպքում հայտնաբարել, թե որ աշխատակիցն է նայել»։
Կարդացեք նաև
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և վստահեցրեց՝ այս նախաձեռնությունը նպաստելու է, որ հանցագործությունների բացահայտման ծավալներն աճեն․ «Հասարակությունը ՆԳՆ-ից պահանջում է օպերատիվ բացահայտման հնարավորություն, որն այսօր դժգոհության տեղիք է տալիս։ Անձնական տվյալները կարևոր են, բայց բացահայտման հետ կապված խնդիրները լուծելու համար ոստիկանությանը տրվում է այս գործիքը»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ասաց՝ հատկապես դպրոցների մասով է կողմ, որ այս նախագիծն ընդունվի․ «Մի անգամ էլ եմ ասել, թե դասերի ժամին ավագ դպրոցների կողքերն ինչ է կատարվում։ Տվյալների փոխանցումը գուցե հստակ նշենք, որ կարող է տրամադրվել բացառապես ՀՀ-ում գրանցված և գործող կազմակերպություններին՝ պայմանով, որ դրան տիրապետելուց հետո երրորդ անձի չեն փոխանցի»։
Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ապահովագրական ընկերությունների միջոցներից օգտվելու խարդախությունների հսկայական փաթեթներ կան․ «Ամերիկյան հրդեհների արդյունքում տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Հիմնական տուժողը պետք է դառնան ապահովագրական ընկերությունները։ Այսօր ՀՀ-ում էլ կան դեպքեր, որ մեքենան չի կարողանում վաճառել, վառում է և գնում, ապահովագրական ընկերությանն ասում՝ մեքենաս ակումուլյատորից պատահական վառվեց։ Խնդիր ունենք օրենքի շրջանակի հետ, որ նման դեպքերը պետք է պատշաճ քննվեն։ Մեքենայի տերն ասում է՝ ոչ մեկի չեմ կասկածում։ Քննչական մարմիններն էլ ասում են՝ կասկած չունեք, ուրեմն ապահովագրական ընկերություն, տար, այդ մեքենայի գումարը տուր։ Խարդախության լավ միջոց է հիմա կիրառվում նաև ՀՀ-ում։ Իհարկե, ապահովագրական ընկերությունները պետք է ունենան ՆԳՆ հետ համատեղ օգտվելու հնարավորություն, բայց պետք է խիստ վերահսկողության մեխանիզմներ կիրառենք»։
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ ահազանգեց․ «Այսօր նոր վերելք է ապրում օտար պետհամարանիշների զանգվածային գողությունը՝ մասնավորապես վրացական։ Մեր ջավախքցի հայրենակիցները, որոնք պարբերաբար գտնվում են ՀՀ-ում, բախվում են այս՝ շատ իրենց համարյա անհարմար իրավիճակի հետ։ Պետհամարանիշները գողանում են, տելեգրամյան ալիքներով գողերը կապվում են․ բացահայտումը գրեթե անհնարին է դառնում։ Խնդրի լուծումը մեծ թաղերի բակերի տեսանկարահանումը և ավտոկայանատեղիների տեսանկարահանման ապահովումն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ