Երեկվանից վերականգնվել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի խոսքի ազատությունը․ նա այսուհետ նորից կարող է բարձրաձայնել իր կարծիքը, քննադատել, սոցցանցերում գրառումներ կատարել, լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ։
Գյումրեցի ընդդիմադիր գործչի խոսքի ազատությունը սահմանափակվել էր դատական կարգով՝ նրան խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել 2024 թվականի հունիսի 5-ին Բագրատ Սրբազանի գլխավորած ավտոերթին մասնակցելու նպատակով Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ։
8 ամիս շարունակ պատիժ կրելուց՝ բանտախցում գտնվելուց, այնուհետ տնային կալանքի ենթարկվելուց հետո 10 օր առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ընդդիմադիր գործիչը արդարացվեց։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանն ասաց․ «Բարեբախտաբար Հայաստանում կա շատ փոքր արդարադատություն իրականացնելու հույս, շնորհակալ եմ, որ դա ինձ բաժին ընկավ։ Գիտեք, որ արդարացվեցի ամբողջովին և նաև իմ նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացված են, կրկին վերադառնում եմ ակտիվ քաղաքական-հասարակական գործունեության։
Դժվար էր ակտիվ մարդու համար 8 ամիս շարունակ անցկացնել չորս պատերի՝ տարբեր սահմանափակումների մեջ, բայց միևնույն ժամանակ նաև հասկանալի էր, որ դա յուրահատուկ գնահատական էր։ Այս անգամ իշխանությունների կողմից գնահատական էր, որ խանգարել ես իրենց, թույլ չես տվել, որպեսզի իրենց ազգակործան գործունեությունը իրականացնեն և որի համար քեզանից վրեժխնդիր են լինում։
Դա ինչ-որ տեղ հույս էր տալիս, ուժ էր տալիս, որպեսզի ավելի տրամադրվես, ավելի ուժերդ հավաքես ու հետևություններ անես ու նոր շնչով կարողանաս լծվել կարևորագույն գործին՝ պայքարին, որն այսօր ավելի արժևորված է և կարևոր»։
8 ամիս շարունակ ապօրինի պատժվելու համար բողոք կներկայացնի՞ Կարապետ Պողոսյանը, նա նշեց, որ դատարանն անդրադարձել է այդ հարցին։ Ըստ նրա, այդ նույն դատավճռով դատավորը գտնում է, որ հանրային քրեական հետապնդում իրականացնող մարմինը հենց ինքն է պարտավոր ներողություն հայցել։
Ըստ նրա, իր փաստաբանների հետ քննարկում են բարոյական հատուցում պահանջելու հարցը։
«Պատկերացրեք ինչքան տգեղ է, երբ դու քո գործն են անում, անում ես ամբողջովին օրենքի շրջանակներում, ավելին ասեմ՝ թե՛ իմ նախաքննական ցուցմունքներում, թե՛ դատարանում բազմաթիվ անգամ ասել եմ՝ գիտենալով ում հետ գործ ունեմ՝ ես օգտագործել եմ այն նույն բառամթերքը, ինչ այսօրվա իշխանությունները՝ գիտենալով, որ ինչ-որ պահի իմ խոսքերից պիտի կարճեն, ինչ-որ պահի անհանգստություններ պատճառեն։
Եվ այդ ամենը փորձելով հնարավորինս օրենքի շրջանակներում գրագետ կազմակերպել, տանել առաջ, քեզ պատահում են մարդիկ, որոնք ցուցումով գալիս են քեզ ձերբակալելու, քո խոսքի ազատությունը սահմանափակելու, դա դատարանում ևս հստակ երևաց։
Եվ այս ամենը անում են մեկ բանի համար, որ դու նաև իրենց մասին ես մտածում, որ դու սիրում ես քո հողն ու ջուրը, դու սիրում ես քո երկրում ապրող մարդկանց, ուզում ես հնարավորինս իրենց անվտանգությունն ու ազատությունն ապահովել, մտածում ես նաև իրենց երեխայի ապագայի մասին։ Եվ այդ մարդիկ ուղղակի հրաման կատարելով՝ փութաջանորեն փորձում են քեզ ցավեցնել, քեզ վնասել ու արվում է ընդամենը մեկ բանի համար, որ դու հայրենասեր ես։ Իսկապես դա շատ տգեղ է, նաև տխուր է, բայց միևնույն ժամանակ չհուսահատեցնող»։
Կարապետ Պողոսյանը հայտարարեց, որ շարունակելու է պայքարել հայրենիքի ու իր Արցախի համար, իր համար Արցախի էջը փակված չէ, իր նպատակն այն է, որ նորից կարողանա լինել Շուշիում, Ստեփանակերտում, պայքարել, որ հայ ժողովրդի մեջ նորից հաղթողի հոգեբանությունը վերականգնվի, որը կարևոր է ազգի հարատևման համար։
Ըստ նրա, ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ազգը չունենա աննպատակ, վախկոտ սերունդ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ