«Վերջին մեկ ժամվա ընթացքում էլ ցնցող ազատությունից, էլ անսասան խաղաղությունից, էլ միջազգային շուկայից խոսեցիք, լավ է, շատ լավ է, բայց սա ընդամենը լավ կենաց է։ Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր՝ ամեն խոսքից, ելույթից հետո սպասում են, որ բաժակը վերցնելու եք ու ասեք՝ կեցցե Եվրոպական միությունը»,- ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ Արտակ Զեյնալյանին այսպես դիմեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա հարցրեց՝ էս ցանկությունները, անիրատեսական գաղափարները, էս ժամավաճառությունը, որ այստեղ զբաղվում ենք, մեզ ի՞նչ է տալիս, մեզ ո՞վ է սպասում ԵՄ-ում, մեզ արդյոք սպասո՞ւմ են ԵՄ-ում, Արտակ Զեյնալյանն արձագանքեց․ «Նաև պետք է ճիշտ կենաց արտահայտել և խմել։ Կարծում եմ՝ աղավաղված է կենաց ասելու և կենաց խմելու կուլտուրան։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք լիազորված են, մեզ՝ ԵՄ-ում սպասելու վերաբերյալ բազմիցս հայտարարություններ են արել և ընդունել իրավական ակտեր։ Սպասելու վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Էս հարցն առաջին անգամ չի հնչում, և դրա պատասխանները բազմիցս տվել ենք։ Ուղղակի իրավական ակտ վկայակոչեմ՝ CEPA-ն։ Եթե Ձեզ թվում է՝ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, Դուք սխալվում եք։ Մենք արժեքավոր ենք ԵՄ-ի համար, ԵՄ-ն էլ ՀՀ-ի կարիքն ունի»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ կես կատակ կես լուրջ նկատեց․ «Էդ կենացը խմելիս կարևոր է նաև, թե ինչ օղի ես օգտագործում, որ հաջորդ օրը գլուխդ չցավի։ Ասում եք՝ ժողովրդի նախաձեռնությունն է, դրանից առաջ էլ է ժողովրդի նախաձեռնություն եղել․ Հայաքվեն ժողովրդի կա՞մքը չէր, արցախցի քույր եղբայրներին օժանդակելու ստորագրահավաքը ժողովրդի կա՞մքը չէ՞ր։ Պետք չէ կանգնել ու ասել՝ ժողովրդի պահանջն է։ Խոսում եք տնտեսությունից, դատարաններից, էդ տնտեսությունից, որ խոսում եք՝ ես էլ մի քիչ մոտ եմ տնտեսությանը։ Կաթնամթերքից խոսեցիք, էդ կաթը սկի ԵԱՏՄ շուկայում խնդիրներ ունի, պետք չէ ժողովրդին խաբել, ասել, թե այս հայտարարության տակ, որ ստորագրություն դնեք, վիզաները կչեղարկվեն։ Դուք ստեղ հստակ պետք է ասեիք՝ էդ ռիսկերը, որ կան։ Դատարանների հարցով՝ Դուք ո՞նց եք նայում զարգացած եվրոպական երկրում ԴԲԽ նախագահին sms-ով աշխատանքից ազատելուն։ Մի երկու բառ էլ դրանից ասեք, լուսավորվենք»։
Արտակ Զեյլանլյանը նշեց՝ էլի նախաձեռնություններ եղել են, բայց չեն հասել ԱԺ։ Գառնիկ Դանիելյանն արձագանքեց․ «Դատական համակարգին չեք ուզում անդրադառնալ, տնտեսությանը չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում եք գնալ Եվրոպա։ Ի դեպ ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ և ասեմ, որ նախաձեռնություն ստորագրահավաք անենք, մտցնե՞նք»։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանի՝ այս հայտարարությունը մեծ ոգևորություն առաջացրեց խորհրդարանում։
Արտակ Զեյնալյանը ի պատասխան նշեց․ «Սա ԵՄ անդամ դառնալու օրենք չէ։ ԵՄ անդամ դառնալը լինելու է հանրաքվեով, երբ մենք ամբողջությամբ համապատասխան կլինենք դրան բոլոր առումներով։ Այս պահին չէ, որ մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից։ Սա մեկնարկի մասին է, որ այդ ամբողջը բանակցվի, նախապատրաստվի։ Սա քաղաքական ակցիա է՝ կամքի արտահայտման, արձանագրման»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ