Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ խամրած, կիսատ-պռատ և հաճախ՝ խեղված գիտակցության տեր գործիչներ ոչնչացնում են հայկական պետականության գաղափարական հենքը. Տարոն Սիմոնյան

Փետրվար 11,2025 17:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Աշխարհում շատ քիչ ազգեր կարող են խոսել այն մասին, որ իրենց ստեղծած պետությունը նախ և առաջ գաղափար է, իմաստ ու առաքելություն (և ոչ միայն իրենց համար), հետո միայն՝ պարզապես տնտեսություն ու քաղաքական կազմակերպություն։

✅ Ի տարբերություն շատ այլ ազգերի՝ մեր պետականության հիմքում ոչ այնքան նյութականն է՝ մարմինը, որքան հոգին՝ գիտակցությունը և մշակույթը, իսկ որոշ ժամանակ անց նաև՝ ոգին՝ առաքելական քաղաքակրթությունը։

✅ Խնդիրը լավ ու վատի, կարևորի ու անկարևորի մասին չէ։ Աշխարհում շատ ազգեր իրենց պետականության հիմքում տնտեսությունն են դրել, նյութականն ու դրանից բխող պրագմատիզմը․ արդյունքում՝ հաջողել։ Պարզապես, մեր քաղաքակրթական հասունացման էությունն ու տրամաբանությունը պետականությունը կապում է ոչ այնքան նյութականի բազմապատկման, որքան, այդ թվում՝ այլ ազգերի մեջ, հոգևորի տարածման հետ։ Դրանում, իհարկե, նյութականը տեղ ունի և շատ կարևոր, սակայն ոչ ի հակադրություն հոգևորի, այլ որպես միջոց ու հենարան՝ հոգևորի զարգացման համար։

✅ Խնդիրը ընտրության մասին է, թե՛ 1918թ-ին, թե՛ 1991 թ-ին մենք մեր պետականությունը հռչակել ու ձևավորել ենք գաղափարի շուրջ, նույնիսկ ամրագրել Անկախության հռչակագրում ու Սահմանադրությունում։

Այդպես ենք ընկալվել նաև աշխարհում։

✅ Եվ եթե որոշ խամրած, կիսատ-պռատ և հաճախ՝ խեղված գիտակցության տեր գործիչներ ոչնչացնում են հայկական պետականության գաղափարական հենքը, նրանք գիտակցաբար ու անգիտակցաբար, բառիս բուն իմաստով ոչնչացնում են հայկական պետականությունը, որովհետև դրանից հետո ալեկոծված աշխարհում մեր նավը ջրի վրա պահող ո՛չ հիմք ենք ունենալու, ո՛չ իմաստ, ո՛չ նպատակ, ո՛չ էլ առաքելություն, իսկ ազգի փշրված բեկորները յուղալի կտոր են շատերի համար իրենց պետականություններն ու նույնիսկ կայսրությունները ձևավորելու գործում ․․․ Պատմության մեջ այդ նույն փորձը շատ ենք կրկնել։

✅ Հիմա բազմահազար ծափողջյուններով իշխանություն եկած ու ինքնամոռաց ագահությամբ դա պահող մարդիկ իրենց ամբողջ կենսիմաստով լծված են հայկական պետականությունը գաղափարից զրկելու քաղաքականությանը՝ հույս ունենալով, որ տակի մնացած բեկորներով ապրել հնարավոր կլինի կամ էլ որ իրենց ձեռքով սնվող թշնամին իրենց վերջում է ուտելու․․․

✅ Սրան զուգահեռ ազգի բանականության կրողները՝ միտք ունեցող, ձևավորող և տարածող անհատներն, իրենց անգործությամբ և/կամ փախուստով դառնում են հանցակից ու պատմության մեջ կմնան որպես «մտավորականների դավաճանության» դասական օրինակներ։ Իսկ սենտիմենտալ իմաստասիրական սփոփանքներն ու անձնական կյանքում երջանկություն փնտրելու փորձերը դատապարտված են անհաջողության ու խորքային դժբախտության, որովհետև նրանք չկատարեցին կամ չեն կատարում այն, ինչի համար եկան այս աշխարհ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728