Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռիվը» ոչ միայն զենքի կռիվ է, այլև՝ գոյապայքար, իսկ «կռվեի՛ք» արտահայտությունն առաջին հերթին հենց իրեն ու իր քաղաքական ճամբարին է ուղղված. Դավիթ Անանյան

Փետրվար 11,2025 17:05

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ցինիզմի և անբարոյականության բացահայտ դրսևորման ականատեսը եղանք։ Խորհրդարանի պատերից ներս, որը վաղուց արդեն իր նպատակներով և դերակատարությամբ չի հանդիսանում քաղաքական երկխոսության արվեստի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վայր, հայտնի տխրահռչակ պաշտոնյան իրեն թույլ տվեց թունավոր սարկազմի նոտաներով կշտամբել արցախցի լրագրողին՝ մեղադրելով նրան վախկոտության մեջ, մասնավորապես՝ «առանց կռվի» հայրենի հողը թողնել-հեռանալու մեջ։

Նման մեղադրանքներ անող սուբյեկտը չի էլ գիտակցում իր և իր քաղաքական թիմի մեղքի ողջ խորությունը։ Արդյո՞ք այս քաղաքական ուժը չհանձնեց Արցախը, արդարանալով պարապ դեմագոգիայով։ Մի՞թե այս նույն մարդիկ չէին, որ իրենց կարճատես ու դավաճանական արտաքին քաղաքականությամբ թույլ տվեցին Արցախի շրջափակումը՝ հասցնելով բնակչությանը հումանիտար աղետի, որի մասշտաբները ժամանակակից աշխարհը դեռ ամբողջությամբ չի ըմբռնել։ Եվ վերջապես, սրանք չէի՞ն, որ հրաժարվեցին ակտիվ դիմադրել 2023 թվականի սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։

Ինչպես կարելի է իրեն թույլ տալ կշտամբել այն մարդկանց, ովքեր գրեթե մեկ տարի լինելով հումանիտար աղետի կրողները, ցեղասպանությունից մազապուրծ են եղել՝ մի կերպ փրկելով իրենց և իրենց ընտանիքների կյանքը: Սույն սուբյեկտը չի էլ գիտակցում, որ «կռիվը» ոչ միայն զենքի կռիվ է, այլև՝ գոյապայքար, իսկ «կռվեի՛ք» արտահայտությունն առաջին հերթին հենց իրեն ու իր քաղաքական ճամբարին է ուղղված։

Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով, և նրանց ողորմելի փորձերը՝ սլաքները տեղափոխել ուրիշների վրա, ոչ այլ ինչ են, քան բարոյական ձախողման վերջին ակտի դրսևորում։

Քաղաքագիտության պրիզմայով նման միջադեպերը վկայում են քաղաքական մշակույթի դեգրադացիայի մասին, որում պատասխանատվությունը միտումնավոր փոխարինվում է ագրեսիվ պոպուլիզմով։ Իշխանությունները, ճգնաժամային իրավիճակները որպես դրանց հաղթահարման և ապագա կանխարգելման դասեր օգտագործելու փոխարեն, զբաղված են ներսում թշնամու որոնմամբ՝ օգտագործելով տառապանքը որպես գործիք՝ վարկաբեկելու նրանց, ովքեր ավելի բարոյական իրավունք ունեն դրա մասին խոսելու։ Սա այլևս քաղաքականություն չէ, սա քաղաքական սնանկության տեսարան է։

Ամփոփելու համար հարկ է նշել, որ յուրաքանչյուր ցինիկ հարձակում մի յուրովի բացահայտում է։ Նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս նման կեղտոտ ու ցինիկ խոսքեր, արտահայտում են իրենց քաղաքական անզորության և ամլության խոստովանությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728