Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական ցուցմունքներում ամեն երրորդ նախադասությունից հետո Աղվան Հովսեփյանի անուն-ազգանունն են մտցրել. Երեմ Սարգսյան

Փետրվար 11,2025 17:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօրվա դատական նիստին մի վկա է հարցաքննվել՝ Ագնեսա Ստեփանյանը: Հարցաքննության ժամանակ նա տեղեկացրել է, որ ժամանակին ցանկացել է փոքր ՀԷԿ հիմնել, որոշակի փաստաթղթեր է ձեւակերպել, բայց ֆինանսական խնդիրներ է ունեցել, չի կարողացել ինքնուրույն գործարկել, շինարարությունը կատարել, հետո այդ հարցով իրեն դիմել է Արշավիր Սարգսյանը եւ առաջարկել է, որպեսզի ինքը եւ Հովսեփյան ընտանիքը գումար ներդնեն, ՀԷԿ-ն աշխատացնեն, ըստ դրա էլ մասնաբաժինները ըստ համամասնության բաժանվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօրվա դատական նիստի կարեւոր շեշտադրումները ներկայացնելիս՝ նշեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Վկայի խոսքով՝ Արշավիր Սարգսյանն ասել է, որ մի մասի բաժնեմասը իր ընտանիքինն է՝ Արշավիր Սարգսյանինը, մյուս մասը՝ Հովսեփյան ընտանիքինը, այսինքն` ոչ թե Աղվան Հովսեփյանինն է, այլ Հովսեփյան ընտանիքինը: Դրանից ելնելով էլ, երբ կառուցումը տեղի է ունեցել, մի մասը ձեւակերպել են Հովսեփյանի որդու՝ Միսակի անունով, մյուս մասը՝ Արշավիր Սարգսյանի դստեր անունով, եւ այն անձի, որը սկսել է հիմնադրել:

Ի դեպ, վկան նաեւ նշեց, որ հետագայում ինքն է խնդրել , որ իր մասնաբաժինը Աղվան Հովսեփյանի որդին ձեռք բերի, նա էլ իր խնդրանքին ընդառաջել ու ձեռք է բերել: Այսօրվա վկայի ցուցմունքով, ըստ էության, այն մեղադրանքը, փաստը, որ նշում են, թե իբր Հովսեփյանն է եղել բոլոր մասնաբաժինների իրական սեփականատերը, որդիները որեւէ առնչություն չեն ունեցել, հերքվեց:

Ավելի կարեւոր մի բան եւս տեղի ունեցավ, երբ որ դատախազի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը՝ քննիչի մոտ տրված ցուցմունքը, պարզվեց, որ այնտեղ այնպիսի ձեւակերպումներ կան, որոնցից վկան տեղում զարմանում էր եւ ասում էր, որ նման բաներ չի ասել: Փաստորեն փորձ էր արվել նախաքննության ժամանակ ամեն երրորդ նախադասությունից հետո Աղվան Հովսեփյանի անուն-ազգանունը մտցնել, իբր թե վկան տեղեկացնում է, որ ինքը կարծում է, թե սա ամեն դեպքում Հովսեփյանին էր, կարծում է, որ իբր ինքը օժանդակել է այս պրոցեսներին, որ որդիների մասնակցությունը ձեւական է եւ այլն: Մինչդեռ վկան ասաց, որ նման բաներ չի ասել»,-հավելեց փաստաբանը:

«Մենք հայտարարություններով հանդես եկանք, որ արդեն 10-ից ավել վկաների՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքներում այլ բան է արձանագրվել, սակայն դատարանում իրենք զարմանում են, ասում են, որ նման բաներ չեն ասել: Երբ նախաքննական ցուցմունքները հրապարակվում են, վկաների ցուցմունքներում անընդհատ շեշտադրվում է Աղվան Հովսեփյանի անուն-ազգանունը, եւ այնպիսի տվյալներ, որոնք վկաները օբյեկտիվորեն չէին էլ կարող իմանալ: Ու երբ դատարանում հարցերը տալիս ենք, ասում են՝ մենք նման ցուցմունք չենք տվել, այդպես ուղղակի ձեւակերպվել է:

Մենք հայտարարություններով ֆիքսեցինք, որ ամեն ինչ արվել է, որ Աղվան Հովսեփյանի անունն անընդհատ շրջանառվի, նրա վերաբերյալ ինչ-որ տվյալներ ձեռք բերվեն, փորձ անեն արհեստական մեղադրանք առաջադրել: Դա արդեն կարմիր թելի պես գնում է բոլոր վկաների պարագայում»,-ընդգծեց Երեմ Սարգսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728