Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց գլուխը ստով լցրել եք, թե տրանսպորտը դառնում է 300 դրամ. Տիգրան Ավինյանը՝ Արամ Թորոսյանին

Փետրվար 11,2025 18:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ընդդիմության մեր գործընկերները առաջարկում են Երեւանում հանրային տրանսպորտի գինը սահմանել 100 դրամից պակաս: Փաստացի այն առաջարկը, որ ներկայացնում է պարոն Թորոսյանը եւ ազգային առաջընթաց խմբակցությունը նրա մասին է, որ բոլոր այն փոփոխությունները, որ արվել են արտոնությունների մասով, քաղաքական պատասխանատուն ՔՊ խմբակցությունն է, Հանրապետություն խմբակցությունը, ունենք առաջարկներ մեր մյուս ընդդիմադիր գործընկերներից»,-ավագանու նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով տրանսպորտի արտոնությունների փաթեթների տրամադրումից:

Նա ասաց, որ ընդդիմադիրները արտոնությունների փաթեթների ընդլայնմանը բոյկոտելու տրամաբանությամբ են մոտեցել: Ավինյանը դիմելով երեւանցիներին, ասաց, որ վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է մի քանի բանի. «Երեւան քաղաքում տրանսպորտի շարունակական զարգացմանը, ոչ այն դատարկ պոպուլիզմին, որի մասին խոսում են մեր ընդդիմադիր գործընկերները, այլ իրական… Դա ծառայում է բոլոր արտոնյալ խմբերին, որոնց տրվել է անվճար երթեւեկելու իրավունք…Հիմա թվեր են հնչեցվում, թե քանի տոկոսն է անվճար երթեւեկում»:

Ավինյանի ձեւակերպմամբ, ժամանակին Երեւանը 30 միլիարդ դրամ եկամուտ ուներ, դրան գումարած պետության կողմից տրված փողը, սակայն նրա խոսքով, այդ ժամանակվա իշխանությունը 60%-ով էր կարողանում ծախսել այդ գումարը: «Նախորդ տարվա մեր 64 միլիարդ դրամանոց բյուջեն, գումարած նաեւ պետական ծրագրերը, Երևանի քաղաքապետարանը 94% կատարողական ունի։ Դա նշանակում է տասնյակ մանկապարտեզներ հիմնանորոգված, հարյուրավոր բակեր հիմնանորոգված, բազմաթիվ ենթակառուցվածքներ, ասֆալտ կիլոմետրերով տասնյակ: Հիմա, պարոն Թորոսյան, դուք ուզում եք իրար հետ ոտ գցե՞նք, համեմատվե՞նք: Այստեղ համեմատվելու եզր չունեք…Դուք ստով մարդկանց գլուխը լցրել եք, թե տրանսպորտը դառնում է 300 դրամ»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728