«Ի՞նչն է խանգարում ձեր նկարագրած գեղեցիկ ապագան ստեղծել այսօրվա CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.), համաձայնագրի շրջանակներում։ Դուք գնահատե՞լ եք, CEPA-ն ինչո՞ւ է ձախողվել, ինչո՞ւ չի կատարվում՝ սկսած վիզաների ազատականացումից, ավարտված տնտեսության մրցունակություն, լաբորատորիաներ»,- ԱԺ նիստում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Արման Եղոյանն ասաց, որ չի կիսում տեսակետը, որ CEPA-ի կիրարկումը ձախողվել է։ «CEPA-ի կիրարկումն ընթացքում է, կա ճանապարհային քարտեզ։ Այո, որոշակիորեն դանդաղել է 2020 թվականին, բայց քաղաքական իմաստով կիրարկումը շարունակվում է, այսօր կիրարկման մոտ 40 տոկոսն ավարտվել է։ Կներեք, բայց այն, ինչից խոսում ենք, CEPA-ն դրա հնարավորությունը չի տալիս։ CEPA-ն ԵՄ հետ անմաքս առեւտրի հնարավորություն չի տալիս, դա առանձին համաձայնագիր է, որն Ասոցացման համաձայնագրից պատռվել եւ հանվել է 2013 թվականին։ Այդ համաձայնագրերի շնորհիվ են պետությունների տնտեսությունները հասանելիություն ստանում եվրոպական շուկաներին, տարանցիկ երկրներ դառնում։ ԵՍՊԱ-ն նույն Ասոցացման համաձայնագիրն է՝ հանած ազատ առեւտրի համաձայնագիրը»,- նշեց Եղոյանը։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ GSP եւ GSP+ համակարգերը եղել են, այսօր էլ կան, եւ որեւէ բան չի խանգարում դրանց շրջանակներում Հայաստանի տնտեսությունը դարձնել ավելի մրցունակ։ Եղոյանն ասաց, որ GSP+-ից ՀՀ-ն դուրս է մնացել, քանի որ համարվում է միջինից բարձր եկամուտներ ունեցող երկիր։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ