«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերություններն են։ Ահռելի մեծ տարածություն է առաջացել մեր քաղաքական սերտության եւ տնտեսական համագործակցության միջեւ։ Ես կարծում եմ, որ այս բացը պետք է լրացնել, բնականաբար, ոչ թե քաղաքական երկխոսությունը նվազեցնելու հաշվին, այլ տնտեսական համագործակցությունը մեծացնելու հաշվին»,- ԱԺ նիստում ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս օրենքն ընդունելու դեպքում, եթե ՀՀ-ն անի իր հաջորդ քայլը դեպի ԵՄ, դա պիտի լինի Ազատ առեւտրի համաձայնագիրը։ «Հարցնում եք՝ ո՞վ է մեզ սպասում Եվրոպական միությունում։ Այս հարցի պատասխանը տալիս են Եվրամիության հիմնադիր պայմանագրերը, որոնք ասում են, որ ցանկացած եվրոպական պետություն, որը բավարարում է ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգանքի, բազմազանության եւ այլ համընդհանուր ու համաեվրոպական արժեքներին, ահա այդ չափանիշներին համապատասխանող եվրոպական պետությանը Եվրոպական միությունը սպասում է։ Այլ հարց է, թե երբ, որ պահին, ինչ քաղաքական կոնտեքստում։ Եվրամիությունում ընդհանրապես քննարկում կա՝ ընդլայնվել, թե՞ չընդլայնվել։ Իմ տպավորությունն այն է, որ ամեն դեպքում ընդլայնման կողմնակիցների թիվը եւ նրանց քաղաքական կշիռն ավելի մեծ է, քան չընդլայնվելու կողմնակիցների թիվը։ Բայց սա վերաբերում է բուն անդամակցությանը, այս օրենքի նախագիծը ԵՄ անդամության գործընթաց սկսելու մասին է»,- ասաց նա
Արման Եղոյանը նաեւ ասաց, որ միաժամանակ հնարավոր չէ լինել երկու մաքսային միության անդամ։ Բայց դա չի նշանակում, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը պետք է կապերը խզի ամբողջ աշխարհի հետ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ