-Տրանսպորտից հիմնական օգտվողները շարունակում են օգտվել՝ պահպանելով ավագանու ընդունած որոշումները թանկացումների վերաբերյալ,- այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լեւոն Լեւոնյանը:
Նա վստահեցրեց, որ այս օրերին տրանսպորտի նոր սակագները բոյկոտողների մեծ մասը հասարակական տրանսպորտից օգտվողները չեն. «Դա իրենց ակցիայի ձեւն է, բոյկոտ նշանակում է խզում, որտե՞ղ է այդտեղ խզումը, եթե դու օգտվում ես հանրային տրանսպորտից, որտե՞ղ է այդտեղ խզումը»:
Դիտարկումներին, թե այս օրերին վարչական շրջանների աշխատակիցներ են տրանսպորտում ներդրվում՝ բոյկոտելու քաղաքացիների բոյկոտը ու գովաբանում են տրանսպորտի թանկացումները, պարոն Լեւոնյանն այսպես արձագանքեց. «Իսկ հակառակ գործընթացի մասին ինչո՞ւ չեք ասում: Ես ինքս երթեւեկելու ժամանակ նման օրինակի հանդիպել եմ: Ես տրանսպորտի թանկացումը համարում եմ արդարացված՝ սկսած վարորդների աշխատավարձերի բարձրացումից, տրանսպորտի բարելավումից, գնաճից ու այլ հանգամանքներից: Եկեք անհամեմատելին չհամեմատենք, դուք էլ եք գազելներով երթեւեկել ու հիմա երթեւեկում եք ավտոբուսներով: Դրանք լրիվ այլ աշխարհներ են, այլ մոլորակներ: Մի տեղում կյանքը գոյատեւման ու կռացած, չոքեչոք ապրելու մեջ է, իսկ մյուս տեղում մի քիչ անհարմար է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ