Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է

Փետրվար 11,2025 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվացման շրջան է:
ՍՇՎ դեպքերի մեծ մասը, քանի որ չի պահանջում յուրահատուկ բուժում, կարող են բուժել տանը կամ ամբուլատոր կարգով՝ ջերմության հսկողություն ջերմիջեցնողներով (38,50 և բարձրի դեպքում), շատ հեղուկների ընդունում, քթի լվացում, ցավերի մեղմացում, համարժեք սնունդ։

Հիվանդ երեխայի առողջական վիճակը պետք է գնահատի ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը։

Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի, և որոնք կարող են հոսպիտալացման պատճառ դառնալ․

❗️ խիստ արտահայտված թուլություն կամ գրգռվածություն, ցնցումներ,
❗️ անկառավարելի բարձր ջերմություն,
❗️ կրկնակի փսխումներ,
❗️ հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, ներառյալ` երեխայի «փորով շնչելը»,
❗️ արտահայտված, հատկապես երկկողմանի ականջացավ,
❗️ ուժեղ կոկորդացավ, երբ երեխան չի կարողանում կամ դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկներ։

Գրիպի և ՍՇՎ ծանր ձևերից է թոքաբորբը։ Թոքաբորբով հիվանդանում են թե՛ կրծքի, թե՛ մեծ տարիքի երեխաները։ Դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։ Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը:

❌ Նման դեպքերում պահանջվում է հակամանրէային բուժում, որը նշանակում է միմիայն բժիշկը: Անտեղի պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ:

Գրիպի և ՍՇՎ զարգացման և ծանր ձևերի, մասնավորապես թոքաբորբի, առաջացման ռիսկը էապես նվազեցնում են կրծքով կերակրումը, բալանսավորված սննդակարգը, պատվաստումները, երեխային ծխախոտի ծխի ազդեցութունից զերծ պահելը, առողջ կենսակերպը, պատշաճ ֆիզիկական ակտիվությունը, եղանակին համապատասխանող հագուստ կրելը (հատուկ ուշադրություն՝ դեռահասներին)։

Պետք չէ նաև մոռանալ ՍՇՎ կանխարգելման և խնամքի պարզ կանոնները՝ տանը հիվանդի հնարավորինս մեկուսացում, պատշաճ օդափոխում, մակերեսների մշակում։

ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով
Սերգեյ Սարգսյան
ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728