«Չգիտեմ՝ իմ թոռների էրեխեքը կտեսնե՞ն ԵՄ անդամակցության հարցը, բայց մի բան հաստատ է՝ էս նախագիծը պատմության մեջ մնալու է նրանով, որ նախաձեռնող խումբ է սարքվել և ցանկություն հայտնել անդամակցել մի կազմակերպության, որը գոյություն չունի»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց՝ սեպտեմբերի 5-ին նախաձեռնող խումբը դիմում է ներկայացրել ԿԸՀ, բայց դրանից մի քանի օր հետո նամակ են գրել ԿԸՀ-ին, որ նախագծում սպրդել է վրիպակ, և Եվրոպայի միության փոխարեն պետք է լինի Եվրոպական միություն․ «Ամբողջ զավեշտն այն է, որ բլանկը, որը սարքել եք, մնացել է նույնը՝ Եվրոպական միությունով։ Մյուս հարցս՝ ի՞նչն է խանգարել ՀՀ-ի բարի ցանկություններին, որ ստեղծվել է մի վիճակ, երբ 40 կարմիր բերետավոր կարող է հարձակվել ԱԺ պատգամավորի վրա, բռնություն գործադրել, և մեկ տարվա մեջ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Ի՞նչ է ԵՄ-ից ասվելու, որ նման խայտառակ գործողությունների կասեցումը լինի»։
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն արձագանքեց․ «Ձեր ձեռքի տակ հնացած տվյալներ են, և օրենքի նախագծում փոփոխությունից և վրիպակը սպրդելուց հետո բոլոր փաստաթղթերում տեղ են գտել ճշգրիտ անվանումները։ Բերետավորների հետ կապված ասեմ՝ դա իմ մանդատի մեջ չի մտնում, այս օրենքի առարկային չի վերաբերում։ Կարող են լինել իրավախախտումներ»։
Գեղամ Մանուկյանն ի պատասխան ասաց․ «Ձեռքիս տակ եղած բլանկը ԿԸՀ-ի կայքում է տեղադրված։ Դա մնալու է պատմության մեջ, որ դուք ձեր նախաձեռնության անունը դրել եք Եվրոպայի միությանը ՀՀ-ի անդամակցություն»։
Կարդացեք նաև
Այնուհետև փաստեց՝ ԵԱՏՄ-ից պաշտոնական, հստակ և-և-ի տարանջատման հարցն են դնում ու հարցրեց՝ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց ե՞րբ պետք է քննարկի, երբ ԵՄ-ի անդամակցության հարցում թեկնածությունը հաստատվի՞, թե՝ այս ընթացքում։ Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «ԵԱՏՄ-ից մենք պաշտոնական հայտարարություն կամ վերջնագիր չենք ստացել։ Այս օրենքը նրա մասին չէ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս։ ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, որտեղ տնտեսական հարաբերությունների մեջ ենք։ Խոսքը 450 միլիոնանոց նոր շուկա մտնելու մասին է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ