ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով քննարկվել է փետրվարի 11-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում:
Հիմնական զեկուցողի խոսքով մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի: «Ներկայում, օրինակ, Երեւանում տեղի ունեցած հանցագործությունների եւ իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը` հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման եւ ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության»,- ասել է Հայկ Սարգսյանը:
Պատգամավորը, ներկայացնելով օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը` անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում` դրանք կանխարգելելու (նախականխելու, կանխելու), հայտնաբերելու եւ բացահայտելու) համար: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ փաթեթը մշակվել է Ներքին գործերի նախարարության հետ համագործակցելով:
Կարդացեք նաև
Նախագծերի ընդունման արդյունքում ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին` «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով` 24/7 ժամանակի ռեժիմով:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով նախագիծը երկար ճամապարհ է անցել, հանձնաժողվում աշխատանքային քննարկումների արդյունքում այն վերախմբագրվել է: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը:
Ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշունը` ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը նշել է, որ հեղինակն ընդունել է իրենց կողմից ներկայացված բոլոր առաջարկները:
ԱԺ