«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի ընդունման ձևը և միջոցը կմեծացնի ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու դիմակայությունը»,- ՀՀ ԱԺ-ում ներկայացնելով Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնությունը` հայտարարեց նախագծի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Նա վստահեցրեց՝ oրենքի ընդունումը կնպաստի մարդու իրավունքների շարունակական զարգացմանն ու պաշտպանությանը, կնպաստի տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը, տնտեսության բազմազանեցմանը, ներդրումներին և տեխնոլոգիաներին հասանելիությանը և այլն։
Ամփոփելով` նա նշեց․ «Օրենքի ընդունումը կնպաստի քաղաքակրթության ընդհանուր միջավայրի ձևավորմանը, ԵՄ-ին՝ ՀՀ-ի անդամակցությանը»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց․ «Դուք ներկայացնում եք քաղաքային իշխանություն և հանդես գալիս որպես նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, Դուք պետք է կրեք այն արժեքները, որ քարոզում եք։ Այդ արժեքները ենթադրում են մարդու իրավունքների կուռ պաշտպանություն, ինչի համար պայքարել եք ողջ կյանքի ընթացքում։ Եթե Դուք խոսում եք մարդու իրավունքներից, ընտրված ավագանիներին ո՞նց քվեարկեցիք, հանեցիք, բա ժողովրդավարական գործընթացների արդյունքում ընտրվել էին։ Դուք՝ որպես գաղափարական եվրոպական արժեքներ կրող մարդ, ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում ԵՄ-ին անդամակցությունը»։
Արտակ Զեյնալյանն ի պատասխան ասաց․ «Ես ԱԺ-ի առաջ հանդես չեմ գալիս զեկուցումով՝ որպես Երևանի ավագանու անդամ։ Ընդմիջմանը Ձեզ կպատասխանեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ