Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մտածեք, պարոն Քոչարյան»․ դատավորին նեղացրեց Ռոբերտ Քոչարյանի ռեպլիկը՝ Բաքվում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության հետ զուգահեռի մասին

Փետրվար 11,2025 14:42

«Պարոն Քոչարյան, ի՞նչ կապ ունի իմ կողմից նշանակվող դատական նիստը ձեր նշած արտահայտության․․․ էդ ռուսական արտահայտությամբ, որ ասում եք՝ սինխրոնիզացված»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանն այսօր դատարանում դիմեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ արձագանքելով նրա ռեպլիկին՝ հաջորդ դատական նիստը նշանակելու հետ կապված։

«Հետաքրքիր սինխրոնիզացիա է լինում»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։ Դատավորը շարունակեց․ «Այսինքն, ակնարկ եք անում, որ այս դատավորը էնքան պարապ է, որ նայում է այլ պետություններում ով ինչ նիստեր է նշանակում․․․ կարծում եմ խոսքը մեր հայրենակիցներին է վերաբերվում․․․»։

Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմի անդամները համաձայնեցին՝ դիտարկումը վերաբերվում է Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարություն-բեմադրությանը։

«Մեկն էնտեղ է դատվում, մեկը՝ էստեղ․ լավ սինխրոնիզացված, ենթադրում եմ, ինչ-որ պրոցես է կատարվում»,- արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։ Դատավորը հետաքրքրեց՝ ի՞նչն այնպես չի արել։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Չէ, դուք այնպես եք արել ընդհանրապես դատաիրավական համակարգը, որ կամա թե ակամա, մտածում ես, որ այստեղ, այո, սինխրոնիզացիա է»։

«Մի մտածեք, պարոն Քոչարյան»,- ասաց դատավորը՝ ստանալով․ «Մտածում եմ, կարո՞ղ եմ մտածել, հեռացրեք ինձ դահլիճից կամ․․․»։

«Ես ամբողջի հետ համաձայն եմ, մանավանդ, որ 2008 թվականի մարտի 1-ին ամբողջը տեսել եմ իմ աչքով»,- սա էլ 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի դիրքորոշումն էր մեղադրողի միջնորդության վերաբերյալ։ Տուժողի մյուս իրավահաջորդները եւս նման դիրքորոշում հայտնեցին։

Դատարանում խոսակցություն սկսվեց մեղադրողի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի միջեւ՝ արարքի իրավական գնահատականի փոփոխության հարցի շուրջ։ Մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել՝ թույլ տալու արարքի իրավական գնահատականի փոփոխություն։ Արամ Վարդեւանյանին հետաքրքիր էր՝ ՔՕ 276 հոդվածի 3-րդ մասի ո՞ր ռեժիմով է մեղադրանքները ներկայացվում։ Մեղադրողը պատասխանեց, որ արարքի իրավական գնահատականը մեղադրողը կարող է փոփոխել, դա ՀՀ օրենսդրությունը թույլատրում է։ Պաշտպանի համար սկզբունքային էր ՔՕ հոդվածը, քանի որ 277 հոդվածի 3-րդ մասն էլ է նման հնարավորություն տալիս, իսկ մեղադրողը հստակ չի պատասխանում իր հարցին։ Պաշտպանը մտավախություն ունի, որ եթե մեղադրողը տեսնի, որ պաշտպանությունը լավ է իրականացվում, փորձի նորից իրավական գնահատական փոխել՝ արդեն այլ հոդվածի հղում անելով ու այս գործընթացը դառնա անվերջ շղթա։

Արարքի իրավական գնահատականի փոփոխության հարցը քննարկման առարկա դարձավ․ պաշտպանական կողմն այդ առիթով երկար ժամանակ հրաժարվում էր դիրքորոշում հայտնել, քանի որ իրենց համար անհասկանալի հարցեր կային։ Ի վերջո, դատարանը որոշեց ժամանակ տրամադրել պաշտպանական կողմին՝ արարքի իրավական գնահատականի փոփոխության միջնորդության մասին դիրքորոշում պատրաստելու համար։

Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ տարակուսանքով դիմեց մեղադրողին՝ հետաքրքրվելով՝ արդյոք դատարանում այսօր նրա հրապարակածը դատարանի դահլիճում գտնվող Արմեն Գեւորգյանի՞ն էր վերաբերվում․ տվյալները թարմացված չէին, անհամապատասխանություններ էլ կային։ Բոլոր այս հարցերի պատասխանները կհնչեն հաջորդ դատական նիստում։

Հիշեցնենք, այս գործով այսօր մեղադրողը ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մեղադրանքը։ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է երկրի ղեկավարությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ այլոց՝ օգնելու՝ ապօրինի ձեռք բերված միջոցները լվանալու մեջ։

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական էր ճանաչվել։ Որոշումը բողոքարկվել է, եւ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728