«Երբ անվտանգ կլինի»,- արցախցի լրագրողի հարցին՝ ե՞րբ եմ ես վերադառնալու Արցախ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հստակեցմանը՝ արցախահայերի վերադարձի շուրջ բանակցություններ կա՞ն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դուք դրա մասին շատ լավ տեղյակ եք։ Երբ անվտանգ կլինի, բնական է, այդ հարցը կբարձրացվի»։
Արցախցի լրագրողը հետաքրքրվեց՝ ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք Արցախը վերածել նորից Ղարաբաղի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դուք Ղարաբաղ չեք ասո՞ւմ, չեք ասո՞ւմ՝ մենք ղարաբաղցիներ եք»։ Արցախցի լրագրողն արձագանքեց՝ ես Արցախ եմ ասում, Ալեն Սիմոնյանն էլ նշեց՝ լավ եք անում, շարունակեք տենց ասել․ «Ես քաղաքական գործիչ եմ և դեմ եմ, օրինակ, որ ինչ-որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անուններով։ Ես քաղաքական գործչի էթիկան պիտի պահպանեմ։ Ես քաղաքական ակտիվիստ չեմ, որ պետք է հաճոյանալու համար արտահայտություններ անի, որ իր վարկանիշը բարձրանա։ Հիմա ընդդիմադիր լինելը և դեմագոգիայով զբաղվելն ամենահեշտ բանն է։ Երբ դու պատասխանատվություն ունես և Ղարաբաղից մարդ կա, որ քեզ կարող է մոտենալ ու ազատ հարց տալ, պետք է պատասխանատվությունդ գիտակցես։ Ամեն ինչ կարվի, որ դուք վերադառնաք այնտեղ, երբ անվտանգ լինի, որովհետև դուք դուրս եք եկել այդտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ։ Պետք էր կռվել»։
Լրագրողն արձագանքեց՝ մարդիկ մորթվում էին, Ալեն Սիմոնյանը պնդեց՝ պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է»։ Լրագրողը հարցրեց՝ արցախցին չի՞ կռվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չի կարելի ընդհանրացված ասել որևէ մեկի մասին»։
Կարդացեք նաև
Հարցին՝ բա ինչո՞ւ էիք այն ժամանակ օգտագործում Արցախ բառը, երբ պատգամավոր էիք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ սխալ էի անում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ