Լրահոս
Օրվա լրահոսը

Այս թվաբանական շիլաշփոթը արժանահավա՞տ է երևանցու համար, ո՞նց կարելի է նման էքսպերիմենտներով գնալ առաջ. Մանուկ Սուքիասյան

Փետրվար 11,2025 13:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դուք ասում եք՝ կանխատեսելի թիվ է եղել ամսական 550 հազար ուղեւորափոխադրումը, իսկ այսօր եկել ասում եք՝ հունվարին «Երեւան ավտոբուսը» փոխադրել է 231 000 ուղեւոր, նշանակում է ձեր կանխատեսված թիվ ու իրականությունը կիլոմետրով հեռու են իրարից: Դուք ինքներդ ձեր հաշվարկը կասկածի տակ եք դնում»,- այսօր ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության  ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Ինչ վերաբերում է ինքնարժեքներին, 2023 թվականի ինքնարժեքը ներկայացրել եք 265 դրամ, 2024-ին՝ 213 դրամ, հետո դարձավ 210-230, հիմա ասում եք 313 դրամ… Եթե այս ամենին գումարում եք նաև 2019 թվականին կայքում հրապարակված ինֆորմացիան, որ 470 հազար է եղել ուղևորափոխադրումների թիվը, չհաշված մասնավորը։ Հիմա հունվարի 1-ից մասնավորն էլ է եկել, այսինքն` օբյեկտիվորեն ուղևորափոխադրումների թիվը պիտի աճեր, 2023 թվականին Արցախի անկումից հետո բնակչության թիվը մեծացավ, հազարավոր շինթույլտվությունների արդյունքում Երևանի բնակչության թիվը ավելացավ, բայց ձեր ցույց տված թվերով տրանսպորտից օգտվողների թիվը ստանում եք 231 հազար: Հիմա հարցս հետևյալն է, այս թվաբանական շիլաշփոթը արժանահավա՞տ է երևանցու համար, ո՞նց կարելի է նման էքսպերիմենտներով գնալ առաջ»,- շարունակեց Սուքիասյանը:

Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Շիլաշփոթ որպես այդպիսին չկա և երբևէ չի եղել։ Եղել է ստվեր և այդ ստվերի մասին բոլորս խոսել ենք: Նոյեմբեր ամսվանից այդ ստվերը սկսել է ճշգրտվել։ Հիմա երբ որ ստվերը սկսել է ճշգրտվել, համապատասխան ստվերի վերաբերյալ ենթադրությունները վերածվել են իրական թվերի։ Հիմա այն թվերը, որոնք որ ես հնչեցրել եմ, հիմնված են եղել նոյեմբեր ամսվա վերգետնյա տրանսպորտի ուղևորափոխադրման հիմքի վրա։ Հիմա հունվարին ունենք այս թիվը, փետրվարին ունենալու ենք մեկ այլ թիվ, մարտին ունենալու ենք մեկ այլ թիվ: Սեզոնից սեզոն, էականորեն այս թվերը կարող են տարբերվել: Այո, հունվարին ուղևորափոխադրման քանակը նվազում է, ոչ միայն Հայաստանում: Բայց ուզում եմ վստահ լինեք, որ այս թվերի, այսպես ասած, շիլաշփոթ ասվածը, ուղղակի իրականությանն էլ չի համապատասխանում: Մենք հիմա ունենք մի համակարգ, որի հիման վրա փաստացի ուղևորափոխադրման թիվն ենք տեսնում։ Լավ, ենթադրենք նաև ձեր մատնանշած բոյկոտի հիմքով ինչ-որ մի մասը «Թելսելի» ապարատով չենք տեսնում կամ վալիդատորով չենք տեսնում, վաղը տեսնելու ենք այդ մարդաքանակ հաշվող սարքերով, կամերաներով ամեն ավտոբուսի մեջ դրված»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728