«Սույն վարույթով Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը չեն կարող ներկայացվել իբրեւ մեղադրյալ՝ սկսած 2024 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից։ Հարցը ներկայացնում եմ հենց դատարանի գործողությունների տեսանկյունից։ Նաեւ նախկինում Ձեր կողմից ներկայացված գնահատողական ձեւակերպումների վերաբերյալ եմ այսօր ցանկանում առարկությունս ներկայացնել»,- այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով» նիստի ժամանակ դատարանին դիմեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ մեջբերելով իր առարկությունը հիմնավորող օրենսդրական դրույթներ։ Ըստ այդմ, այն անձինք, որոնց դատարանն օրենքի տեսակետից մեղադրյալ է անվանում, չեն կարող այդպիսին համարվել՝ մեղադրանքի բացակայության պատճառով։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը։ Այս գործով մեղադրյալ են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
«Առանց քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ մեղադրանք չի կարող լինել»,- հայտարարեց Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական էր ճանաչվել։ Որոշումը բողոքարկվել է, եւ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։
Կարդացեք նաև
Դատարանը չընդունեց պաշտպանի առարկությունը։
Այսօրվա նիստում դատախազը ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մեղադրանքը։ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է երկրի ղեկավարությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ այլոց՝ օգնելու՝ ապօրինի ձեռք բերված միջոցները լվանալու մեջ։
Ի դեպ, Արմեն Գեւորգյանի գործողությունները նկարագրելիս դատախազը ամբողջությամբ ընթերցեց նաեւ նախորդ նիստում Սեյրան Օհանյանին ներկայացված մեղադրանքը։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք էր ներկայացվել։ Պաշտպանական կողմը առարկություն ունի այս մասով, քանի որ մեղադրողը չի հայտարարել նոր մեղադրանքի մասին, այլ մեղադրանքը վերաորակելու միջնորդություն էր ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ