Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողք կողքի ապրող ժողովուրդները չեն կարող հավերժ թշնամի լինել, առևտուր էլ պիտի անեն, երաժշտություն էլ փոխանակեն»․ Ալեն Սիմոնյանը՝ հայերի ու ադրբեջանցիների մասին

Փետրվար 11,2025 13:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ-ն որևէ մեկին մոլորեցնելու նպատակ չունի, և դա բոլոր միջազգային գործընկերներին ակնհայտ է։ ՀՀ-ն կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում Ադրբեջանին»,- անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարություններին, թե ՀՀ-ն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը, այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ իշխանության և հանրության նպատակները հայտնի են՝ խաղաղության հաստատումն է։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի հոդվածը՝ բանակցությունների՝ փակուղում գտնվելո՞ւ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում՝ բանակցությունները փակուղում են հայտնվել: Ճիշտ է`ադրբեջանական կողմն արդեն երրորդ ամիսն է սկսում, որ մեր առաջարկին որևէ արձագանք չունի: Նրանց կեցվածքը խիստ մտահոգիչ է։ Լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացում իր մասնակցությունը»։

Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը ՌԴ-ի հետ է կոմունիկացնում այս խնդիրը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարող որևէ բան բացառել։ Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է՝ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրանց ապագան փոխկապակցված են, և դա մեր ձեռքում է։ Այսօր պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծել և մեր զավակներին խաղաղ համակեցություն թողնել»։

Ռուսաստանի միջնորդության մասին էլ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մենք իրենց միջնորդության օրինակները մեր մաշկի, մեր մարմնի, մեր երեխաների վրա զգացել ենք։ Այդ ցավը դեռ չի անցել։ Իրենք պետք է ահռելի ջանքեր դնեն։ Իմ մասին չէ խոսքը, մեր իշխանության մասին չէ խոսքը, որ ՀՀ ժողովրդին համոզեն իրենց անկեղծության մեջ։ Գալ, ամեն հարյուր տարին մեկ ՀՀ-ին պաշտպանելու կարգախոսով և մեծ շահերի համար մեր էրեխեքին մանրադրամ սարքելը, հետո բարի դեմքով գալ, ասել՝ եկել ենք, մենք ձեզ փրկելու, իմ համար անընդունելի է։ Անցած փորձը վատ հուշեր է թողել և, վերջիվերջո, մենք ունենք շատ չլուծված հարցերի պատասխաններ։ Օրինակ՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված ՌԴ դիրքորոշումը՝ թե ՀԱՊԿ շրջանակներում, թե ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրի շրջանակներում»։

Հարցին՝ ի՞նչ եք ակնկալում ՌԴ-ից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Առնվազն ՌԴ-ն պետք է գործողություն իրականացներ։ Մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք, ի պատասխան հնչեց՝ սահմանը սահմանազատված չէ։ Ուղղակի պատճառաբանություն գտնվեց։ Հիմա գալ, ասել՝ մենք կարող ենք միջնորդ հանդիսանալ, ընդունում եք, չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն նայել»։

Ալեն Սիմոնյանը հորդորեց նայել՝ որտե՞ղ են ռուս խաղաղապահները հիմա և որտեղ է հայ ժողովուրդը։

Խաղաղության պայմանագրի կնքման և ռազմական էսկալացիայի վտանգի մասին հարցերին ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասաց․ «Նախանցյալ տարի եմ ասել՝ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ վաղը»։ Լրագրողների դիտարկմանը՝ խաղաղության պայմանագիր կնքել և հարձակվե՞լ, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Հա, բայց դա չի նշանակում, որ մենք խաղաղության պայմանագիր չպետք է կնքենք և խաղաղության պայմանագիր ունենալու առումով քայլեր չանենք»։

Ալեն Սիմոնյանը նաև վստահեցրեց՝ ՀՀ-ի միջով արտատարածքային միջանցք չի լինելու։

Լրագրողների փաստմանը՝ իսկ եթե Ադրբեջանի համար խնդրահարույց է մեր տարածքով անցնելը և շփում ունենալը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Որ սկսենք առևտուր անել, մեկ-երկու տարի նորմալ տրամաբանության մեջ ապրել, այդ հարցերն էլ են դուրս գալու։ Հասարակություններն իրար հետ սկսելու են առևտուր անել»։

Հարցին՝ Դուք Նախիջևանով Մեղրի կգնա՞ք, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Սկզբից խոսակցությունը գնալու է բեռների մասին, եթե ինչ-որ ժամանակ անցնի, իհարկե, պիտի գնանք, իրենք էլ պիտի անցնեն, գնան, մենք էլ։ Սենց թե նենց դա լինելու է։ Երկու ժողովուրդներ, որոնք իրար հետ կողք կողքի են ապրում, հավերժ թշնամի լինել չեն կարող։ Առևտուր էլ պիտի անեն, երաժշտություն էլ փոխանակեն»։

Լրագրողները փաստեցին՝ Ադրբեջանը հակահայկականություն է տարածում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Դե պիտի աշխատենք, որ դուրս գա այդ ամենը, բա մեր մոտ չկա՞։ Մի ասեք, է, տպավորություն է, որ դա միակողմանի է։ Մեր մոտ էլ դա կա, և մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Պետք է դա երկկողմ լինի»։

Լրագրողները նաև հիշեցրին՝ համացանցում տարածված է Ալեն Սիմոնյանի՝ «Ելք» դաշինքի պատգամավոր ժամանակվա խոսույթը, թե փոխզիջումն աբսուրդի ժանրից էր, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Անցել է մի յոթը տարի։ Կուզե՞ս դպրոցական հանդեսիցս մի վիդեո ուղարկեմ, որ դաշնակցական ոտանավոր եմ կարդում, ասա՝ ինչ է փոխվել։ Անցել է յոթը տարի, շատ իրողություններ են փոխվել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728