Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2024.
Կոռուպցիան կործանարար դեր է խաղում կլիմայական ճգնաժամում
Կոռուպցիան սպառնում է կյանքեր փրկող կլիմայական հիմնադրամներին ամբողջ աշխարհում․ ավելի լավ պաշտպանական մեխանիզմները կենսական նշանակություն ունեն միլիարդավոր խոցելի մարդկանց պաշտպանելու համար
Բեռլին, 11 փետրվարի, 2025 թ. – Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից այսօր հրապարակված 2024 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ)՝ կոռուպցիայի համաշխարհային մակարդակը շարունակում է մնալ անհանգստացնող բարձր, իսկ այն նվազեցնելու ջանքերը՝ գնալով թուլացող։ Զեկույցը բացահայտել է կոռուպցիայի անհանգստացնող մակարդակներ ամբողջ աշխարհում. երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա 50 միավորից ցածր են։ Համաթվի համաշխարհային միջին ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 43 միավոր, ինչն ընդգծում է կոռուպցիայի դեմ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը և ահազանգում կլիմայական արդյունավետ գործողությունների իրականացման գլոբալ որոշիչ խոչընդոտի մասին։
Կարդացեք նաև
Ջերմաստիճանային նորանոր ռեկորդներով ուղեկցվող գլոբալ տաքացման և անոմալ եղանակային երևույթների, ժողովրդավարության քայքայման և կլիմայական գլոբալ առաջնորդության անկման պայմաններում աշխարհը կլիմայական ճգնաժամի դեմ իր պայքարում հայտնվել է փակուղում։ Կոռուպցիան այս պայքարը դարձնում է շատ ավելի դժվար, և միջազգային հանրությունը պետք է անդրադառնա կոռուպցիայի և կլիմայական ճգնաժամի միջև եղած կապին։
ԿԸՀ 2024-ի տվյալները ցույց են տալիս, որ միջազգային կլիմայական գործողություններում առավել ակտիվ ներգրավված երկրների մեծ մասը՝ ներառյալ կլիմայի փոփոխությունից խոցելի երկրները և միջազգային գագաթնաժողովները, մասնավորապես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP) հյուրընկալող երկրներն ունեն ցածր և/կամ նվազող ԿԸՀ ցուցանիշներ։ Կոռուպցիան խոչընդոտում է կլիմայական արդյունավետ գործողություններին՝ սահմանափակելով հավակնոտ քաղաքականությունների որդեգրումը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի վերջերս հրապարակված զեկույցն ընդգծում է նավթային և գազային ոլորտի լոբբիստների նշանակալի ազդեցությունը COP-ի նման միջոցառումներում, որն իր ազդեցությունն է ունենում նաև աշխարհի քաղաքական կենտրոնների վրա։
Թրանսփարենսի Ինթերնեշնլի Խորհրդի նախագահ Ֆրանսուա Վալերիանը նշում է․
«Կոռուպցիան գլոբալ զարգացող սպառնալիք է, որը շատ ավելին է, քան զարգացման խոչընդոտում. այն հանդիսանում է ժողովրդավարության անկման, անկայունության և մարդու իրավունքների խախտումների հիմնական պատճառը։ Միջազգային հանրությունն ու յուրաքանչյուր երկիր պետք է կոռուպցիայի դեմ պայքարը դարձնի առաջնահերթություն երկարաժամկետ հեռանկարում։ Սա կարևոր քայլ է ավտորիտարիզմի դեմ պայքարելու և խաղաղ, ազատ ու կայուն աշխարհ ապահովելու համար։ Կոռուպցիայի ընկալման համաթվի այս տարվա վտանգավոր միտումները վկայում են, որ համաշխարհային մակարդակում կոռուպցիան նվազեցնելու համար կոնկրետ գործողությունների ժամանակն է»։
Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Մաիրա Մարտինին շեշտում է․
«Մենք պետք է անհապաղ արմատախիլ անենք կոռուպցիան, քանի դեռ այն ամբողջությամբ չի խաթարել կլիմայի դեմ փոփոխությանն ուղղված արդյունավետ քայլերը։ Այսօր կոռումպացված ուժերը ոչ միայն ձևավորում, այլ նաև հաճախ թելադրում են քաղաքական օրակարգը, կազմաքանդում վերահսկողության մեխանիզմները և լռեցնում լրագրողներին, ակտիվիստներին ու բոլոր նրանց, ովքեր պայքարում են հավասարության և կայունության համար։ Իրական կլիմայական դիմադրողականությունը պահանջում է այս սպառնալիքների դեմ ուղղակի և վճռական պայքար։ Բազմաթիվ խոցելի մարդիկ ողջ աշխարհում սպասում են այդ գործողություններին»։
Գրինփիս Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Մադս Քրիստենսենը հավելում է․
«Այս տարվա վերլուծությունը կրկին ցույց տվեց, որ վառելիքի արդյունահանման հետ կապված կոռուպցիան խոչընդոտում է կլիմայական ջանքերին, այդ թվում՝ ԱՄՆ–ում։ Ամբողջ աշխարհում հասարակությունները պահանջում են կլիմայական գործողություններ իրենց կառավարություններից, բայց այդ ձայները նորից ու նորից ճնշվում են նավթային և գազային ընկերությունների կողմից, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում քննադատներին ու ակտիվիստներին լռեցնելու, իշխանություն գնելու և մեր ընտանիքների ու մոլորակի պաշտպանիչ մեխանիզմները կազմաքանդելու վրա։ Գրինփիսի կազմակերպություններն ու մեր դաշնակիցները կանգնած են այդպիսի սպառնալիքի առաջ նավթային և գազային խողովակաշարերի հսկա Energy Transfer ընկերության կողմից, որը փորձում է մեծածավալ և նենգ դատական գործընթացի միջոցով ջնջել մեզ ԱՄՆ քարտեզի վրայից։ Մենք բոլորս, հոգ տանելով ապագայի մասին, պետք է դիմադրենք այս կորպորատիվ ճնշումներին՝ անկախ նրանից, թե ինչ գին դրա համար կվճարենք»։
Կոռուպցիան և կլիմայական ճգնաժամը
Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) ընդգծում է միլիարդավոր դոլարների կլիմայական հիմնադրամների (ֆոնդերի) գողության կամ անարդյունավետ օգտագործման վտանգը։
- Կլիմայի փոփոխությունից մեծապես խոցելի երկրների մեծ մասի ԿԸՀ արժեքը 50 միավորից ցածր է։ Սա նշանակում է, որ հսկայական թվով մարդիկ ենթարկվում են անտեղի վտանգի, քանի որ կոռուպցիան խաթարում է նրանց պաշտպանելու համար նախատեսված կլիմայական ծրագրերը։ Այս իրավիճակը ընդգծում է թափանցիկության և հաշվետվողականության խիստ անհրաժեշտությունը ապահովելու համար, որ այդ ֆինանսավորումը արդյունավետորեն օգտագործվի։
- Թրանսփարենսի Ինթերնեշնլի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է կոռուպցիան խաթարել «արդար անցումը» դեպի զուտ զրոյական արտանետումներ՝ առանձնացնելով կոնկրետ օրինակներ Հարավաֆրիկյան Հանրապետությունից (41), Վիետնամից (40) և Ինդոնեզիայից (37), որտեղ անբավարար վերահսկողության մեխանիզմները ստեղծել են հնարավորություններ անբարեխիղճ դերակատարների համար։
- Համաձայն Հարավաֆրիկյան Հանրապետությունում (41) Eskom պետական էներգամատակարար ընկերության նախկին գործադիր տնօրենի՝ յուրաքանչյուր ամիս մոտ մեկ միլիարդ ռանդ (ավելի քան 56 միլիոն ԱՄՆ դոլար) է գողացվում ընկերությունից։
- Կլիմայական ճգնաժամի ամենածանր հետևանքները կրող երկրներն ունեն ԿԸՀ ամենացածր միավորները՝ ներառյալ Հարավային Սուդանը (8), Սոմալին (9) և Վենեսուելան (10): Սոմալիում կլիմայի փոփոխությունը լուրջ վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը և խորացրել արդեն 30 տարի շարունակվող հակամարտությունը։
Զեկույցը նաև բացահայտել է, թե որքանով են կլիմայական դիվանագիտության հիմնական խաղացողները պայքարում կոռուպցիայի դեմ, որը հեղինակների կարծիքով խաթարում է բազմակողմանի համագործակցության արդյունավետությունը, այդ թվում՝ COP բանակցությունների գործընթացը։
- Ադրբեջանը, որի կողմից հյուրընկալվող COP29-ին մուտքի թույլտվություն է ստացել առնվազն 1,773 նավթագազային լոբբիստ, ստացել է ընդամենը 22 միավոր։
- COP30-ը հյուրընկալող Բրազիլիան պարտավորություն ունի մինչ 2035 թվականը ապահովել3 տրիլիոն դոլար կլիմայական ֆինանսավորման գծով, սակայն այս տարվա նրա կոռուպցիայի ընկալման համաթիվը հասավ իր պատմական ամենացածր արժեքին՝ 34 միավոր։
- G20 ղեկավարների գագաթնաժողովի հյուրընկալող Հարավաֆրիկյան Հանրապետության (41) ԿԸՀ-ն 2019-ից ի վեր նվազել է երեք միավորով։
- Համաժողովներ հյուրընկալող որոշ երկրներ, որոնց ԿԸՀ միավորները միջինից ցածր են, նաև նպաստել են այդ համաժողովների ոչ բաց լինելուն՝ սահմանափակելով թափանցիկությունը և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։ Սա լուրջ մարտահրավեր է արդյունավետ կլիմայական քաղաքականության համար, և անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին՝ պատրաստվելով COP30-ին Բրազիլիայում և G20-ի ղեկավարների գագաթնաժողովին Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
- Կլիմայի քաղաքականությանը խոչընդոտող անհարկի ազդեցությունը կարող է տեղ գտնել կոռուպցիայի ինչպես բարձր, այնպես էլ ցածր մակարդակ ունեցող երկրներում: Այնուամենայնիվ, հարուստ, զարգացած երկրներում է, որ այդ ազդեցությունն ունի ավելի լուրջ հետևանքներ, քանի որ խաթարվում է հավակնոտ նպատակներ սահմանելու, արտանետումները կրճատելու և գլոբալ առումով դիմադրողականություն ձևավորելու նրանց աշխատանքը։ Հովանոցային (Umbrella) խմբի երեք անդամ երկրների՝ ԱՄՆ–ի (65), Կանադայի (75) և Նոր Զելանդիայի (83) ԿԸՀ միավորները զգալիորեն նվազել են։
ԿԸՀ-ն նաև ընդգծում է կլիմայական կոռուպցիայի մարդկային կյանքի արժեքը։
- Ապօրինի հողազավթումների դեմ պայքարողները և բնապահպանները հաճախ կանգնած են կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի առաջին գծում, սակայն նրանց աշխատանքը հանգեցնում է վերջիններիս ահաբեկման, բռնության և անգամ սպանության: Սա առավել տարածված է կոռուպցիայի խորը խնդիրներ ունեցող երկրներում։ Սկսած 2019 թվականից 1,013 բնապահպանների սպանություններից գրեթե բոլորը տեղի են ունեցել այն երկրներում, որտեղ ԿԸՀ միավորները ցածր են 50-ից։
Կոռուպցիայի իրավիճակն աշխարհում
ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:
- Մոտ8 միլիարդ մարդ ապրում է այն երկրներում, որոնց ԿԸՀ արժեքը 50-ից ցածր է: Սա համարժեք է աշխարհի 8 միլիարդ բնակչության 85%-ին:
- Արդեն յոթերորդ տարին անընդմեջ Դանիան գլխավորում է ցուցակը (90 միավոր), որին գրեթե հավասար արդյունքով հաջորդում է Ֆինլանդիան (88) և Սինգապուրը (84):
- Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են հիմնականում անկայուն և հակամարտություններից տուժած երկրներում, ինչպիսիք են՝ Հարավային Սուդանը (8), Սոմալին (9), Վենեսուելան (10), Սիրիան (12), Լիբիան (13), Էրիթրեան (13), Եմենը (13) և Հասարակածային Գվինեան (13):
- Հետազոտությամբ ընդգրկված երկրների ավելի քան քառորդը (47 երկիր) գրանցել է համաթվի իր պատմական ամենացածր ցուցանիշը, այդ թվում՝ Ավստրիան (67), Բանգլադեշը (23), Բրազիլիան (34), Կուբան (41), Ֆրանսիան (67), Գերմանիան (75), Հաիթին (16), Հունգարիան (41), Իրանը (23), Մեքսիկան (26), Ռուսաստանը (22), Հարավային Սուդանը (8), Շվեյցարիան (81), ԱՄՆ–ն (65) և Վենեսուելան (10):
Վերջին 5 տարվա ընթացքում 7 երկիր էական առաջընթաց է գրանցել․
- Դրանք են Կոտ դ‘Իվուարը (45), Դոմինիկյան Հանրապետությունը (36), Կոսովոն (44), Քուվեյթը (46), Մալդիվները (38), Մոլդովան (43) և Զամբիան (39):
Վերջին 5 տարվա ընթացքում 13 երկրում արձանագրվել է էական անկում․
- Այդ երկրներն են՝ Ավստրիան (67), Բելառուսը (33), Բելգիան (69), Էլ Սալվադորը (30), Ֆրանսիան (67), Ղրղզստանը (25), Լիբանանը (22), Մյանման (16), Նիկարագուան (14), Ռուսաստանը (22), Շրի Լանկան (32), Միացյալ Թագավորությունը (71) և Վենեսուելան (10):
Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Սկսած 1995 թ. իր առաջին հրապարակումից՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2023 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում՝ Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։
ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնի կողմից) համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից հետո ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար տե՛ս ԿԸՀ այբուբենը. ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։
ԿԸՀ 2024 թ. Հայաստանի և այլ երկրների արդյունքները
Հայաստանի ԿԸՀ 2024թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։
180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը (2023 թ.-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը):
Տվյալ երկրի ԿԸՀ համաթիվը հանդիսանում է այդ երկրի համաթիվը հաշվարկելու համար օգտագործված բոլոր աղբյուրների համար հաշվարկված համաթվերի միջին թվաբանականը։ Մասնավորապես, Հայաստանի ԿԸՀ 2024թ․ համաթիվը (47) հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։ Այդ աղբյուրներն են` Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, 2023-ին՝ 49), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2024թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, 2023-ին՝ 44), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024թ. վարկանիշը (46 միավոր, 2023-ին՝ 47), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2024թ. ուղեցույցը (33 միավոր, 2023-ին՝ 32), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2024 թ․-ի հրապարակումը (50 միավոր, 2023-ին՝ 55) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2024թ. հրապարակումը (56 միավոր, 2023-ին՝ 54):
Գծապատկեր 1-ում (տես՝ գլխավոր նկարը) ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012-2024թթ. ընկած ժամանակահատվածում: Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ներառված է Արևելյան Եվրոպա – Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ։
Ինչպես և նախորդ չորս տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2024 թվականին (47) ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից (այն պահպանվել է 43)։ Այն նաև գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) 2024 ԿԸՀ արժեքները։ Իր հարևաններից Թուրքիան (34) կիսում է 107–113-րդ տեղերը, Իրանը (23)` 151–153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (22)՝ 154–157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (40) զբաղեցնում է 88–91-րդ տեղերը, Բելառուսը (33)՝ 114–120-րդ տեղերը, Ղրղզստանը (25)՝ 146–148-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 154–157-րդ տեղերը:
Գծապատկեր 2
Գծապատկեր 2-ում ներկայացված է Արևելյան Եվրոպա – Կենտրոնական Ասիա տարածաշրջանի երկրների ԿԸՀ արժեքները։ Ինչպես երևում է գծապատկերից, Հայաստանը,
53-55-րդ տեղերում գտնվող Վրաստանից (53) հետո, երկրորդ տեղում է տարածաշրջանի երկրների շրջանում։
Գծապատկեր 3
Գծապատկեր 3-ում ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի, 2024 ԿԸՀ արժեքները։
Ինչպես երևում է Գծապատկերից` Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։