Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր ավագանու նիստում առաջարկեց տրանսպորտի սակագների սահմանման որոշման մեջ փոփոխություններ կատարել:
Գրիգորյանը մանրամասնեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկում. «Գործող որոշմամբ՝ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն Երեւանի հաշվառում: Առաջարկվում է հանել Երեւանի հաշվառումը, եւ այդ սակագներով տոմսեր ձեռքբերելու իրավունքը տրամադրել նաեւ Երեւանի հաշվառում չունեցող թոշակառուներին»:
Փոխքաղաքապետն ասաց, որ առաջարկում են անվճար երթեւեկելու իրավունք ունեցող 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց շրջանակում ներգրավել նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Մյուս առաջարկով՝ հնարավորություն կտրվի նաեւ Երեւանում հաշվառում ունեցող չորս եւ ավելի երեխա ունեցող անձանց անվճար ուղեւորվել, այսինքն՝ առաջարկվում է երեխաների անչափահաս լինելու պարտադիր հանգամանքը հանել:
Կարդացեք նաև
Նաեւ առաջարկվում է ուղեւորատոմսերի ժամկետների երկարացում. «1 օր եւ 7 օր տոմսերի ուղեւորությունների սահմանափակումը վերացնել, դարձնել անսահմանափակ, ինչպես նաեւ 90 րոպեի ընթացքում 3 ուղեւորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը սարքել 180 րոպե: Այս որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսված է մարտի 1-ը՝ հաշվի առնելով, որ նախատեսվում են համակարգում տեխնիկական փոփոխություններ»:
Նախատեսվում է նաեւ մեկանգամյա ուղեւորության տոմսերի 10 հատի փաթեթի վավերականության ժամկետը երկարաձգել՝ ժամկետը 30-ից դարձնել 45 օր: Ըստ Գրիգորյանի՝ որ քաղաքացիները հասցնեն սպառել: Այն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը:
Անապահովության նպաստ ստացող մարզերում բնակվող քաղաքացիների համար էլ առաջարկվեցին զեղչեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ