«Հրապարակը» զրուցել է առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի հետ:
– Այժմ ո՞րը պետք է լինի առաջին քայլը՝ իրավիճակը փոխելու համար:
– Պետք է հստակ վերլուծել դպրոցներում երկու-երեք օրերի բացակայությունների թվերը: Պետք է հաշվել հիվանդանոցներում հոսպիտալացվածների թվերը, այս ամենի արդյունքում նախարարությունը պետք է որոշում կայացնի` դպրոցները պետք է գործե՞ն, թե՞ ոչ: Պետք է կտրել էպիդեմիոլոգիական օղակը, պետք է հստակ որոշումներ կայացնել, շուտով արձակուրդը կավարտվի նաեւ բուհերում, ինչը նոր հնարավոր վարակի տարածման ալիք կարող է բարձրացնել: Էլ չենք խոսում պոլիկլինիկաների հերթերի մասին, որոնք առողջ մարդկանց համար խնդիր են դառնում, առողջ մարդը վարակված տուն է գալիս պոլիկլինիկայից: Մասսայական տեղերում նույնպես պետք է կանխարգելիչ պայմաններ պահպանվեն: Հստակ ամենօրյա մոնիթորինգներ են հարկավոր: Ամեն օր, օրը մի քանի անգամ բոլոր բուժհաստատությունները պետք է թիվ փոխանցեն առողջապահության նախարարությանը, խոսքը նաեւ մարզային ստորաբաժանումների մասին է: Բայց փոխանակ նման քայլեր կատարելու, դեռ մի բան էլ մարզերում կրճատումներ են անում, նման ֆունկցիա կատարող կենտրոններ են փակում: Վիրուսներ այս շրջանում միշտ են լինում, ցուրտ շրջան է, ինֆեկցիաների տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Դպրոցներում եւ մանկապարտեզներում գազը խնայում են, վատ են ջեռուցում, համապատասխան ջերմաստիճան չեն պահում, հատկապես դպրոցների միջանցքներում շատ ցուրտ է, արդյունքում երեխաները քրտնում են, իսկ վիրուսներն արագորեն տարածվում են: