ՀՀ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ Հռոմի ստատուտը պետք է ամբողջությամբ վավերացվի, քանի որ Հայաստանի դեմ հանցագործություններ են իրագործվել, և դրանով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն է բացվում։ Այլ կերպ ասած՝ Հռոմի ստատուտին միանալով՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի դեմ կոնկրետ միջազգային հանցագործությունների մասով հայցադիմումներ ներկայացնել։ Բայց զարմանալին այն է, որ մինչև հիմա Հայաստանը որևէ հայց չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան։
Լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը այս երկու տարվա ընթացքում անգամ մեկ հայց չի ներկայացրել, երբ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների մասին փաստերն ուղղակի աղաղակող են։ Սրանով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, թե երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Հայաստանը պատրաստ է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից։
Նախ՝ եթե Հայաստանը հրաժարվի հայցերից, ապա գործ կունենանք ոչ միայն Բաքվի համար կատարված հերթական զիջման հետ, այլ հանցագործությունը թաքցնելու արատավոր երևույթի հետ, որը նույնպես հանցագործություն է։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը հրաժարվի դատական հայցերից, երբ Բաքվում գերու կարգավիճակում ոչ միայն պահում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, այլև այդ մարդկանց նկատմամբ շինծու մեղադրանքներ են ներկայացվել ու դատական գործընթաց է սկսվել, որը վերածվում է շոուի։
Կամ՝ եթե Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտներ հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից, ապա, ի վերջո, ի՞նչ նպատակի էր ծառայում Հռոմի ստատուտի վավերացումը։ Տպավորություն է, որ այն ՀՀ իշխանությունների հերթական չմտածված քա՞յլն էր։ Չէ որ Միջազգային քրեական դատարանին միանալու արդյունքում էական լարվածություն է մտցվել հայռուսական հարաբերություններում։
Կարդացեք նաև
Մյուս կողմից էլ՝ երբ Ադրբեջանին տրամադրվող իսրայելական աջակցությունը կտրելու հարց կա, դրանով նոր խնդիրներ են առաջանում հայիսրայելական հարաբերություններում։ Չհաշված, որ ԱՄՆ նոր վարչակազմն էլ շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ, և Թրամփն անգամ պատժամիջոցներ է սահմանել։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։