Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված է գրել և արձանագրել, որ ոչ միայն տարածաշրջանում էսկալացիայի համար որևէ նախադրյալ չկա, այլև «խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են»։
Ու հենց ինքն էլ նույն հոդվածում թվարկել է «խաղաղության նախադրյալները»։ 1․ «Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ»։ 2․ «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հովանավորվող խոսույթում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»»։ 3․ «Բաքվում ընթանում է թատերականացված դատավարություն»։ 4․ «Ադրբեջանը միլիարդների հասնող սպառազինություններ է ձեռք բերում»։
Հասկացա՞ք։ Մարդը կետ առ կետ թվարկում է բոլոր այն փաստերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ պատերազմի, ու դրանց հիման վրա եզրակացնում, որ «խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են»։ Նույն հաջողությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնված գառը կարող էր «հոդված հրապարակել» հետևյալ տեքստով․ «Սիրով ընդունեցի քաղաքից դուրս՝ շաբաթօրյա զբոսանքի գնալու հրավերը։ Ինձ հրավիրողներն իրենց հետ վերցրել են նաև կացին, երկու կապ փայտ, խորովածի շամփուրներ և ահագին խմիչք, այնպես որ՝ բոլոր նախադրյալները կան պնդելու համար, որ հրաշալի ուիք-էնդ ենք անցկացնելու»։
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից