Սկիզբը՝ այստեղ:
Ռուս պրոզաիկ Տուրովը մի ունիկալ միտք էր ասել՝ «սարսափելին այն չէ, որ ձեզ հիմարացնում են, սարսափելին այն է, որ դա ձեզ դուր է գալիս»։ Շարունակելով՝ «ո՞վ բերեց Նիկոլին» ֆեյք թեման, տարբեր կենտրոններից սնվող սուբյեկտները փորձում են հիմարությանը քաղաքագիտական հիմնավորում տալ, տգիտությանը՝ ադեկվատության շղարշ, իսկ կատարյալ ցնդաբանությանն ու դավադրությունների հիվանդ տեսություններին՝ նյու-կրեատիվության իլյուզիա։
Եկեք հիշենք, թե ի՞նչ էր կատարվում 2018-ին՝ հանրապետության յուրաքանչյուր խաչմերուկում։ Աշխարհաքաղաքական կենտրոնների տոտալ աջակցությամբ, օգտագործելով Ջին Շարպի՝ գունավոր հեղափոխություններ կազմակերպելու ողջ, անգամ ամենաստորագույն գործիքակազմը, Հայաստանում հավատարմագրված տարբեր դեսպանատների եւ միազգային կառույցների ինստրուկտորների վերահսկողությամբ, դրվում էր Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման հիմքը։ Ամբոխը, որին ներշնչել էին, որ ինքը, որպես «հպարտ քաղաքացու» մատերիալ, իշխանություն է փոխում, ՀՀԿ-ականների դատարկ դագաղներով թաղումներ էին կազմակերպում, սոցիալական ցանցերում բաժանում էին հանրապետական կանանց հեռախոսահամարներն ու հասցեները եւ կատաղած ամբոխին կոչ անում գնալ հաշվեհարդարների։ Երկիրը հատուկ ծրագրված «քարոզչական ներարկիչներով» նստեցրել էին ատելության թմրասեղին, խանութներում հանրապետականներին հրաժարվում էին անգամ հաց վաճառել, եղել են դեպքեր, երբ բժիշկները, տեսնելով, որ իրենց դիմած հիվանդը ՀՀԿ-ական է, կամ՝ նրա երեխան, հրաժարվել էին բժշկական օգնություն ցուցաբերել, թքելով Հիպոկրատի բոլոր գլխարկների վրա։ Ու այսօր, որոշ ուղղորդված խմբակներ՝ «ո՞վ բերեց Նիկոլին» ծրագրի շրջանակում, հայելու մեջ նայելու եւ Նիկոլ բերող իրենց արտացոլանքը եւս մեկ անգամ տեսնելու փոխարեն, փորձում են «հիմնավորել», որ Նիկոլին բերել է Սերժ Սարգսյանը, ով հրաշալի հասկանում էր, թե ինչ կանեն արտաքին ուժերը երկրի հետ, եթե ինքը խաղաղ եւ անցնցում հրաժարական չտա։
Գիտեք, անգամ Կաֆկայի եւ Բուլգակովի սեւ միստիցիզմն ունենալով անհնար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը կազմակերպել է իրեն մերժելու ողջ դիվական-սատանիստական ծեսերը, կազմակերպել է իր ընկերների եւ կուսակիցների ֆեյք թաղումները, կազմակերպել է իր եւ իր ընտանիքի հանդեպ ադեկվատությունը կորցրած ամբոխի սրբապիղծ գրոհները, որոնք ծրագրելու համար առնվազն անաստված ու չմարդ պիտի լինել, ինչպես էին ու են նիկոլական իշխանությունն իր խամաճիկավար տերերով։
Կարդացեք նաև
Հետո արդեն, զավթելով իշխանությունը, սրանք Վեհափառի կրծքից խաչ էին պոկում ու եկեղեցի անարգում, «կիրթ» Ալիեւի հետ պայմանավորված պատերազմում հինգ հազար հայորդի մորթում ու հայտարարում, թե կարող էին եւ այդ զոհերը չլինել, Ցեղասպանություն մերժում, Հայաստանի սուվերեն տարածքներ հանձնում ու Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգողների դեմ բողոքողին ձերբակալում։ Այո, սրանք հատուկ էին ընտրված ու սրանց հետ շատ երկար են աշխատել՝ ընտրելով բոլոր հնարավոր սրբապիղծների, դավաճանների, հակահայերի միջից ամենա-ամենաներին։
Ու ողջ այս արհավիրքը հիմա արդեն հրաշալի հասկանում են՝ «Նիկոլին բերեց Սերժը» իդիոտիզմի հեղինակները, որովհետեւ նույն կրիմինալիստիկայի մեջ էսպիսի հասկացություն կա՝ հանցանք կատարածները, իսկ տվյալ դեպքում 2018-ին Նիկոլ բերածները, տեսնելով պետության անկումը, մեղավորության զգացում ունեն ու հրաշալի գիտեն, որ հենց իրենք էին այն 1 պլյուս 1-ը, որ Նիկոլ էին բերում, ուստի սեփական մեղքից ազատվելու ամենաէժանագին տարբերակն են գտել՝ «Սերժը բերեց Նիկոլին»։
2018-ին իրավիճակը շատ հստակ էր՝ բոլորն ընդդեմ մեկի՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի։ Բոլորը։ Այդ թվում՝ ՀՀԿ-ի երբեմնի գործընկերներն ու համախոհները, որոնցից շատերի հեռախոսներից այդ օրերին լսվում էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» նիկոլիզմի ռեփը, իսկ գլխներին արդեն «դուխով» կեպկան էր։
Նման իրավիճակում ի՞նչ կաներ Նիկոլը։ Այո, կտաներ բախումների, երկիրը հանձնելով քաղաքացիական պատերազմի ու քաոսի երախը, ինչը շարունակում է անել հիմա՝ իր իշխանությունը պահելու համար հետեւողականորեն սպանելով Հայաստանը։ Բայց՝ դա կաներ Նիկոլը։ Եվ կրկին հետահայաց գնահատելով 2018-ի իրավիճակը, ես պնդում եմ, որ Սերժ Սարգսյանը կայացրել է միակ ճիշտ որոշումը՝ խաղաղ հրաժարական, հասկանալով, որ Նիկոլի տերերը, որոնք տարբեր դեսպանների շուրթերով արդեն Հայաստանին եւ նրա քաղաքացիներին սպառնում էին ծանրագույն սանկցիաներով, ինչ էին անելու երկրի հետ եւ որտեղ էր հայտնվելու Հայաստանը։
«Ես Նիկոլին չեմ պարտվել, ես շատ ավելի լուրջ ուժերի եմ պարտվել», երրորդ նախագահի խոսքն այսօր ավելի քան ընկալելի է դառնում, երբ տեսնում ենք, թե այդ ուժերը ինչ արեցին Սիրիայում եւ ինչ են շարունակում անել Ուկրաինայի հետ։
(շարունակելի)
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2025