Տարեսկզբից դժգոհությունները հասարակության շրջանում նոր թափ են առել: Գնաճ է գրեթե բոլոր ոլորտներում, մյուս կողմից՝ բարձրացել են տարբեր հարկատեսակների դրույքաչափերը: Հարվածի թիրախում է փոքր ու միջին բիզնեսը և ոչ միայն: Իշխանությունը սա մեկնաբանում է որպես ստվերի դեմ պայքար, քաղաքացիները՝ իրենց էլ ավելի շատ հարկելու փորձ:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ յուրաքանչյուր երկրի համար հարկային քաղաքականությունը կոչված է սպասարկելու տնտեսական քաղաքականությանը կամ օգնելու հասնել տնտեսական նպատակներին: «Մեր իրականության մեջ, ցավոք, տնտեսական նպատակը, թիրախները ձևակերպված չեն, և ստացվում է այնպես, որ հարկային քաղաքականությունը դարձել է ինքնանպատակ մի գործընթաց: Այն իր առջև դնում է խնդիր, հիմնականում ֆիսկալ, այն է՝ բյուջե լցնելու նպատակ, և փորձում է այդ նպատակին հասնել՝ անտեսելով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել տնտեսության, տնտեսական զարգացման, արտահանման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և այլնի համար: Սա է մեր ընդհանուր խնդիրը, որ գլոբալ առումով ունենք տնտեսության մեջ: Տնտեսական նպատակը, քաղաքականությունը բացակայում է, և հարկային քաղաքականությունն ինքն իր համար նպատակներ է սահմանում և փորձում այդ նպատակներն իրականացնել: Սրա արդյունքում, ցավոք, բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու ապագայում՝ հաշվի առնելով այն, որ հարկային դրույքաչափերը կրկնակի ավելացել են զուտ այն նպատակով, որ, ըստ իրենց, ստվերը պետք է կրճատվի կամ պետք է լրացուցիչ հարկային հավաքագրումներ ապահովել՝ առանց գնահատելու առանձին ոլորտների առանձնահատկությունները, շահութաբերությունը, օրինաչափությունները և այլն»:
Դժգոհություններին իշխանությունները արձագանքում են տարբեր հարցազրույցների կամ աշխատանքային քննարկումների միջոցով: Ամեն անգամվա պես միայն որոշում կայացնելուց հետո է իշխանությունը «պարզում», թե ինչ խութեր կան դրանում: «Առավել քան ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ հանրային քննարկում չէին կազմակերպել, և դրա վառ ապացույցը մեր ՓՄՁ ներկայացուցիչների արդար դժգոհությունն է: Նրանք հաշվի չեն առել ոլորտային խնդիրներն ու առանձնահատկությունները, ինչի հետևանքով վաճառականները ստիպված են լինելու կա՛մ գները բարձրացնել, ինչը քիչ հավանական է, կա՛մ ստվեր անցնել: Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի: Հարկային այս դրույքաչափերով փոքր և միջին բիզնեսը մրցունակ չէ, նրանք չեն կարող գործել, նրանք ստիպված են լինելու անցնել ստվերային դաշտ: Դրանից տուժելու են և՛ պետությունը, և՛ բիզնեսը: Սա ճիշտ մոտեցում չէ, այն ավելի մեծ վնաս է հասցնելու պետությանը, քան հարկային այն եկամուտները, որոնք, ենթադրաբար, ակնկալում էին»,-ընդգծում է տնտեսագետը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում