«Փափուկ ուժը», որը Միացյալ Նահանգները կիրառում էր ամբողջ աշխարհում եւ այդ նպատակով ծախսում էր միլիարդավոր դոլարներ, այլեւս նույն մասշտաբով չի կիրառվի: Խոսքը, մասնավորապես, աշխարհով մեկ սփռված այն հ/կ-ների եւ լրատվամիջոցների մասին է, որոնք նախորդ վարչակազմերի օրոք առաջ էին տանում ԱՄՆ-ի շահերը՝ հակադրվելով «ոչ բարեկամական» ռեժիմներին եւ պաշտպանելով այն ռեժիմները, որոնք Միացյալ Նահանգներին ձեռնտու էին:
Երբեմն դա օգտակար էր «փափուկ ուժի» տակ հայտնված երկրներին, երբեմն՝ ոչ: Հաճախ ակնհայտ էին «յուրային» եւ «ոչ յուրային» ռեժիմների նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտները: Ամենեւին այնպես չէ, որ արժեքները (ճիշտ, կարեւոր արժեքները, այդ թվում՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը) միշտ վճռորոշ նշանակություն ունեին:
Բայց այդ ամենը քննարկելն այսօր առանձնապես իմաստալից չէ: Որովհետեւ պարզ է մի բան. այսուհետ այդպես չի լինի:
Գործը հասել է նույնիսկ «Ազատություն» ռադիոկայանին: Չեմ կարող դատել ամերիկյան այդ լրատվամիջոցի ամբողջ աշխարհասփյուռ գործունեության մասին: Ինչ վերաբերվում է հայկական խմբագրությանը, ապա 2018-ին՝ նախահեղափոխական շրջանում, հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո էլ՝ տեւական ժամանակ, այն, իմ կարծիքով, դրսեւորում էր ակնհայտ նիկոլականություն: Հիմա շատ ավելի չեզոք է եւ անաչառ: Այնպես որ՝ անձամբ ես ցավ կապրեմ, եթե այդ խմբագրությունը փակվի:
Կարդացեք նաև
Սակայն կարեւոր է գլոբալ առումով հասկանալ, թե ինչու է ԱՄՆ քաղաքականության մեջ նման կտրուկ փոփոխություն տեղի ունեցել: Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասքը բիզնեսմեններ են, իսկ բիզնեսմենը նախեւառաջ մտածում է ծախսերն օպտիմալացնելու մասին: Նրանք կարծում են, որ ԱՄՆ նպատակներին հասնելու համար «փափուկ ուժի» վրա ծախսվող տասնյակ միլիարդներն անհրաժեշտ չեն: Եթե, ենթադրենք, Պանամայում պետք է վերահսկողություն հաստատել, նրանք չեն ֆինանսավորի պանամական հ/կ-ները, որպեսզի դրանք այս կամ այն առիթով միտինգներ անեն կամ, անհրաժեշտության դեպքում, բախումներ հրահրեն: Նրանք կդիմեն շատ ավելի կոշտ տնտեսական կամ նույնիսկ ուժային միջոցների:
Առնվազն 4 տարի այդպես է լինելու: Ենթադրում եմ, որ Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ ներկայիս վարչակազմը չունի այն հետաքրքրությունը, որն ունի Պանամայի, Կանադայի կամ Գրենլանդիայի հանդեպ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Այնպես որ՝ անձամբ ես ցավ կապրեմ, եթե այդ խմբագրությունը փակվի», – չհասկացա։ Մեկ երկու տարի չեզոքություն ցույց տալու համար?