Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. «Ստացվում է՝ Արցախի ղեկավարության Բաքվում գտնվելը ձեռք է տալիս միայն Բաքվի բռնապետին ու Հայաստանի ներկայիս իշխանություններին»

Փետրվար 10,2025 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հայելի» ակումբում ասաց, որ մեր ամենաբաց վերքն այս պահին Բաքվում շարունակաբար նվաստացումների եւ ստորացումների ենթարկվող մեր պատանդառված ու գերեվարված հայրենակիցներն են, այդ թվում՝ մեր ռազմաքաղաքական վերնախավի ութ ներկայացուցիչները:

«Պետք է ցավով արձանագրել, որ այսօր մենք ավելի հաջողում ենք, որ միջազգային կառույցներից ԱՄՆ կոնգրեսականների, Արամ Ա կաթողիկոսի պահանջն ու հորդորն է հնչում: Ստացվում է, որ դրսում ավելի ենք հաջողում: Բայց այն, որ գործուն քայլեր պիտի անեն կանկրետ Հայաստանի իշխանությունները, որպեսզի ձայնն ավելի լսելի դառնա ու որոշիչ լինի, իրենք կամ լռում են, կամ հակառակը՝ խոսելու պարագայում մեր պատանդառված եւ գերեվարված հայրենակիցների համար ավելի վտանգ են ներկայացնում: Մենք կարող ենք շատ լավ պատկերացնել, թե ինչ այլանդակ պայմաններում են պահվում մեր հայրենակիցները, ինչ սարսափելի նվաստացումների ու ստորացումների են ենթարկվում նրանք: Բայց միեւնույն ժամանակ պետք է փաստել, որ իրենք ուժեղ կամքի տեր, արժանապատիվ մարդիկ են:

Այս մեկ տարուց ավելի այդ ժամանակահատվածում, կարծում եմ, մեր հասարակությունը, քաղաքական եւ հասարակական տարբեր ուժեր շատ բան հնարավորինս արել են եւ շարունակելու են անել տարբեր ակցիաների միջոցով, միջազգային տարբեր կառույցներում հարցը բարձրաձայնելով: Եվ այստեղ, կարծես, շրջապտույտի մեջ ենք, որովհետեւ իշխանությունները ոչ մի բան չեն անում: Ինչ-որ լղոզված, անողնաշար հայտարարություններով փորձում են տպավորություն ստեղել, թե ինչ-որ բանով զբաղվում են: Վստահաբար ասում եմ, որ եթե որեւէ բանով զբաղված լինեին, միջազգային կառույցները շատ ավելի այլ կերպ կարձագանքեին, քան հիմա կա, եւ իրական ճնշումներ կլինեին, այլ ոչ սոսկ հայտարարություններ:

Ինչեւէ: Ես կարծում եմ, որ սա որեւէ կերպ չպետք է նպաստի այն հանգամանքին, որ հասարակությունը, քաղաքական այլ կազմավորումներ, հասարակական խմբեր որեւէ կերպ դադարեցնեն իրենց գործունեությունը, որովհետեւ, նախ, որեւէ իշխանություն հավերժ չէ, իսկ այս իշխանության վերջը, կարծես թե, ավելի մոտ է: Ամեն վայրկյան կարող է իրավիճակ փոխվել: Հետեւաբար, գերիների, պատանդառված անձանց խնդիրը, հարցը մենք միանշանակ պիտի կարողանանք առնվազն տաք պահել:

Լռել միանշանակ չի կարելի: Բաքվում մեր ընկերներն են, մեր հարազատները, մեր գործընկերները, ի վերջո: Մենք շատ լավ գիտենք նրանցից յուրաքանչյուրի կերպարը: Ես վստահ եմ, որ մեր պասիվությունը, ժողովրդի պասիվությունը իրենց համար ընկալելի չէր լինի: Եթե մեզանից յուրաքանչյուրը իրենց հետ տեղերով փոխված լիներ, վստահ եմ, որ իրենք ջանք ու եռանդ չէին խնայելու եւ իրենց գործողություններով չէին համակերպվելու այն իրողության հետ, որում այսօր իրենք են հայտնվել: Իրենց Բաքվում գտնվելը, ստացվում է, որ ձեռք է տալիս միայն Բաքվի բռնապետին ու Հայաստանի ներկայիս իշխանություններին»,-ասաց տիկին Մետաքսեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728