Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստեղծումից ի վեր Ադրբեջանի իշխանությունները վարել են տարածաշրջանում հայկական ներկայությունը ջնջելու համակարգված քաղաքականություն. «Գարդման, Շիրվան, Նախիջևան»

Փետրվար 10,2025 17:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1918–1919 թվականները հատկապես աղետալի էին Նախիջևանի հայերի համար, քանի որ Ադրբեջանի նորահռչակ իշխանությունները ձգտում էին վերահսկողություն հաստատել երկրամասի վրա՝ առանց որևէ իրավական հիմքի։

Այս պատմաշրջանը նշանավորվեց տեղի հայ բնակչության սիստեմատիկ կոտորածներով և բռնի տեղահանություններով, որոնք ավարտվեցին Վերին և Ստորին Ագուլիսի հայերի դաժան ջարդերով։ Չնայած այս վայրագություններին, 1919 թվականի գարնանը Հայաստանի Հանրապետությունը օրինական կերպով վերահաստատեց իր ինքնիշխանությունը Նախիջևանի նկատմամբ։

Այնուամենայնիվ, 1921 թվականին Մոսկվայի պայմանագրով, որը կնքվել է միջազգայնորեն չճանաչված երկու միավորումների՝ Մոսկվայի խորհրդային և Անկարայի քեմալական կառավարությունների միջև, Նախիջևանը դրվեց Ադրբեջանի խնմակալության տակ՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով։ Այս պայմանագիրը, որը հետագայում վերահաստատվեց Կարսի պայմանագրով, ստորագրվեց առանց Հայաստանի օրինական ներկայացուցիչների մասնակցության կամ համաձայնության։ Այսպիսով խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, քանի որ երկու, այն էլ չճանաչված իշխանություններ չեն կարող միակողմանիորեն որոշել երրորդ երկրի սահմանները՝ առանց տվյալ երկրի օրինական ներկայացուցչի մասնակցության և համաձայնության։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստեղծումից ի վեր Ադրբեջանի իշխանությունները վարել են տարածաշրջանում հայկական ներկայությունը ջնջելու համակարգված քաղաքականություն։

Սա հստակորեն ցույց են տալիս ժողովրդագրական տվյալները.
1917 թվականին հայերը կազմում էին ավելի քան 50900 մարդ (բնակչության 40%-ը)։ Մինչև 1926 թվականը նրանց թիվը նվազել է՝ հասնելով 11276 (10,8%), 1939 թվականին՝, 13,350 (10,5%), 1959-ի դրությամբ՝ 9519 (6,7%); 1970 թվականին՝ 5828 (2,9%), 1979 թվականին՝ 3406 (1,4%), իսկ 1989 թվականին՝ 1․858 (0,6%)։ Այսօր Նախիջևանում ոչ մի հայ չի մնացել։ Ժողովրդագրական այս հետագիծը համակարգված էթնիկ զտումների քաղաքականության հստակ վկայությունն է:
Նախիջևանում, ինչպես և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը ենթարկվել է միտումնավոր ոչնչացման, պղծման։ Դրա վառ օրինակ է Ջուղայի հայկական գերեզմանատան ամբողջական քանդումը՝ մշակութային վանդալիզմի անհերքելի փաստ, որի նպատակն է ջնջել հայկական պատմական ինքնության բոլոր հետքերը երկրամասում:

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ հերթական պատմական անարդարության, որը պատճառ է դարձել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում ցեղասպանության և էթնոցիդի անարգել իրականացման համար։ Ադրբեջանը պետք է առերեսվի պատմական անարդարությանը և արժանի պատասխանատվություն կրի ռասիստական քաղաքականության, մարդու իրավունքների համակարգային խախտումների և պետականորեն ու հասարակական մակարդակով գործված բոլոր հանցագործությունների համար։

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728