-Չենք վճարելու այնքան ժամանակ, մինչեւ դառնա 100 դրամ,- այսօր կանգառներում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներին էին ասում որոշ քաղաքացիներ, հետո բարձրանում տրանսպորտ:
Այսօր տրանսպորտի նոր սակագների բոյկոտի 10-րդ օրն է ու ավագանու անդամներն առավոտից կանգառներում էին շրջում, քաղաքացիներին քարոզում շարունակել բոյկոտը:
-Ոչ մի բան էլ չեն փոխել: Ի՞նչն են փոխել, ժողովրդի հարկերից մի երկու կոպե՞կ են դրել, ոչ մի բան էլ չեն արել,- կանգառում դժգոհում էր մի տարեց մարդ:
Կարդացեք նաև
Արմեն Քոչարյանը քաղաքացիներին իրազեկում էր, որ ստվերի վերացման դեպքում, տրանսպորտը հնարավոր է շահագործել 100 դրամով. «Մանիպուլյացիա են անում, թե տրանսպորտը քաղաքացիների համար էժանացրել են, սուտ է: 50 դրամով թանկացրել են ու հիսուն դրամը էն հիսուն դրամը չէ, փոքրիկ գումար չէ: Քաղաքային իշխանությունները թանկացրել են տրանսպորտը, թուրքական բազար են արել ու փորձել ձեր վրա վաճառել այդ սուտն ու շոուն»:
Ավագանու անդամ Սամվել Գեւորգյանն էլ քաղաքացիներին հայտնեց, որ քաղաքային բյուջե հսկայական գումարներ են մտնում. «Երեւան քաղաքի բյուջեի ամեն տարվա կատարողականը, որ տեսնեք, ամեն տարվա ավարտում գրվում է, թե որ ոլորտին տրամադրված գումարի ինչքանն է իրացվել: Կարեւոր ոլորտները, որոնք քաղաքային իշխանությունների ուղիղ պարտականությունն են, թերացված են, ամենալավը իրացված է պարգեւատրումների ոլորտը՝ 99 տոկոս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ