Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ-ից Քաթարով Հայաստան վերադառնալու հնարավոր դրդապատճառներին անդրադառնալով՝ ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մտահոգություն հայտնեց, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի այցելել միապետական այդ երկիր:
«Որպես պետություն, Քաթարը կառավարման ձեւով բացարձակ միապետություն է: Պետության ղեկավարը էմիրն է եւ այդ պետությունում ժողովրդավարական ոչ մի ինստիտուտ գոյություն չունի: Նույնիսկ խորհրդարան չկա, պառլամենտի անդամները ընտրված չեն: Էմիրը նշանակել է համապատասխան թվով մարդկանց որպես խորհրդարան, որպեսզի օրենքներ ընդունեն: Քաթարը ունի գազի եւ նավթի շատ մեծ պաշարներ: Բայց հասկանալով, որ ինչ-որ ժամանակ այդ պաշարները կսպառվեն, ստեղծվել է Քաթարի պետական ներդրումային հիմնադրամ, որն ամբողջ աշխարհում դիվերսիֆիկացված ներդրումներ է անում. բաժնետոմսեր է առնում, մի տեղ՝ սեփականություն, մի տեղ՝ հյուրանոց, մի ուրիշ տեղ գյուղատնտեսության մեջ կամ IT ոլորտում է ներդրում անում, որպեսզի որեւէ մեկից կախված չլինի եւ 260 հազարանոց բուն բնակչությունը շարունակի նորմալ ապրել: Ու այդ ֆինանսական միջոցները չեն վերահսկվում: Քաթարում գոյություն չունի մի մարդ՝ Քաթար Սաքունց կամ Քաթար Իոաննիսյան, որ էմիրին ասի. տեղեկություն տուր, թե, ասենք, 2021 թվականին Քաթարի ներդրումային հիմնադրամին ո՞վ է փող տվել եւ այդ փողը ինչի՞ վրա եք ծախսել:
Քաթարը որպես պետություն բարեկամ երկիր է Ադրբեջանին եւ Թուրքիային: Հիմա գանք հայ-քաթարական հարաբերություններին: Առեւտուր չկա Քաթարի հետ, զբոսաշրջություն չկա, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր չկան, բայց 2020 թվականի պատերազմից հետո մեկ էլ այն նախագահը, որը փախավ Հայաստանից՝ Արմեն Սարգսյանը, չորս անգամ այցելել է Քաթար: Ընդ որում, նա մի քանի անգամ այցելել է նաեւ Միացյալ Արաբական Էմիրություններ, որտեղ նույնպես չվերահսկվող, բացարձակ միապետություն է, եւ Սաուդյան Արաբիա, որը կրկին բացարձակ, պրոթուրքական, պրոադրբեջանական միապետություն է, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ եւ նոր է ճանաչել: Եվ Արմեն Սարգսյանը սկսում է այս երեք ուղղություններով ինտենսիվ աշխատել:
Կարդացեք նաև
Ես իմ ուսումնասիրությունները, որ արել էի, նկատել էի, որ ժամանակագրորեն որոշ բաներ համընկնում են»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ ներկայացրեց օրինակներ եւ վերլուծություններ: Մասնավորապես, ականապատված տարածքների քարտեզներ տալն Ադրբեջանին եւ դրանից հետո Արմեն Սարգսյանի այցելությունները Քաթար եւ մյուս երկրները: «Դրանք մաթեմատիկական ճշգրտությամբ իրար համընկնում են: Ու մի օր էլ Արմեն Սարգսյանը անհետացավ: Լավ, սրան մի կողմ թողնենք: Պատերազմից հետո Քաթար գնացել են նաեւ Վահագն Խաչատուրյանը, երբ դարձավ նախագահ, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը՝ երկու անգամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Այս առումով հաղորդագրության մեջ գրված է, որ ինքը գնացել է, որպեսզի հետեւի վարչապետի եւ Քաթարի ղեկավարության ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մի բան, ինչի իրավասությունը վարչապետի աշխատակազմի ղեկավարը չունի: Դրանով զբաղվում են ԱԳՆ-ն եւ տվյալ երկրում Հայաստանի դեսպանը:
Իսկ Քաթարում Հայաստանը ունի ռեզիդենտ դեսպան: Նման բան կարող է լինել այն դեպքում, երբ ԱԳ նախարարը եւ դեսպանը իր համար վստահելի չեն: Սա, ինչ ասում եմ, ենթադրություն է, փաստ չի: Հիմա հիպոթետիկ պատկերացնենք, որ Ադրբեջանի SOCAR ընկերությունը այնտեղ գրանցում է մի ընկերություն, SOCAR-ից այդ ընկերությանը փոխանցում են շատ մեծ գումար, այդ ընկերությունն այդ փողը փոխանցում է Քաթարի ներդրումային հիմնադրամ, վերջինն էլ այդ փողով իր անունով գնում է Լոնդոնում՝ շենք, Փարիզում՝ տուն, որեւէ ընկերության բաժնետոմսեր, կրիպտո արժույթներ, տարբեր բաներ, որն անում են այսպես թե այնպես: Այսինքն, Լոնդոնի կենտրոնում գնում են մեծ շենք, եւ չի երեւում, որ դա գնել է այսինչ մարդը: Հիմա հարց, Քաթարի ներդրումային հիմնադրամը իր առածը հետագայում կարո՞ղ է մյուսին նվեր տալ: Իհարկե, կարող է:
Վահե Ղազարյանն էլ էր գնացել, երբ դեռ ՆԳ նախարար էր: Բայց պատասխան այց չի եղել, ինչպես ընդունված է դիվանագիտության մեջ փոխադարձության սկզբունքով»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ