Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

ՀՀ-ն պետք է ունենա 3 տանկ, 10 БМП, մի 100 զինվոր, որ Փաշինյանի համար պատվո պահակախումբ կանգնեն․ Արթուր Խաչատրյան

Փետրվար 10,2025 16:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաշինյանն ի՞նչ է ասել, ասել է՝ ինչ ուզել եք տվել ենք, է՞լ ինչ եք ուզում՝ պատրաստ ենք զիջել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը, որը հրապարակվել է նրա՝ Փարիզ մեկնելուց առաջ։

«Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով ու ինչքան այս իշխանություններն ասում են՝ «կզիջենք, մենակ մի խփեք», այդքան Ադրբեջանն ավելի լկտի ու ագրեսիվ է դառնում։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ ու այս իշխանության կողմից միակողմանի զիջումներ»,- կարծում է ընդդիմադիր պատգամավորը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ հակազդել Ադրբեջանի առավելապաշտական ու հայակործան նկրտումներին։

Իր գնահատմամբ՝ Փաշինյանն Ադրբեջանին ասում է՝ «ինչ ուզում ես՝ կտանք, միայն գնանք էդ թուղթը ստորագրենք»։ Խոսքը խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի մասին է։

Արթուր Խաչատրյանը «հեքիաթ» է որակում նաեւ ՀՀ-ի կողմից եվրոպական դիտորդական առաքելությանը հրավիրելը՝ իր արդարությունն ի ցույց դնելու համար․ «Եթե Ադրբեջանը մտավախություն ունենար, որ Հայաստանը հարձակվելու է իր վրա, ինքը եվրադիտորդների կհրավիրեր»։

Նա հիշեցրեց՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո շրջանառվում էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերը, որոնցով նախատեսվում էր ընդլայնել Անջեյ Կասպրչիկի գրասենյակը, ավելացնել դիտորդների թիվը եւ ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ․ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում այդ պայմանավորվածությունները դուրս մղվեցին, դրանք փոխարինվեցին, այսպես կոչված օպերատիվ կապով, որի մասին Փաշինյանը պայմանավորվել էր Ալիեւի հետ՝ Դուշանբեի «անհասկանալի» բանակցությունների ժամանակ:

Այս հիշեցմամբ ընդդիմադիր պատգամավորն արձագանքում էր Նիկոլ Փաշինյանի հոդվածի այն մասին, որտեղ նա տեղեկացնում է, որ Հայաստանը գրավոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին:

«Հիմա փոխադարձ վերահսկողության խնդիրը, թե Հայաստանը, թե Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ են եւ Ադրբեջանը ԵԱՀԿ շրջանակներում սահմանափակումների ենթակա է: Հայաստանը, դե թող այ հենց հիմա հղում կատարի ԵԱՀԿ-ի հետ 1999 թվականին ձեռք բերված համաձայնության վրա եւ գնա ստուգի: Մինչդեռ ասում է՝ ԵԱՀԿ-ից եկեք դուրս գանք, Մինսկի խումբը լուծարենք: Հիմա ասում է՝ եկեք ստուգեք, ես ոչ մի բան չունեմ, որը քեզ կվնասի: Թույլ կտա՞ Ադրբեջանը, որ Հայաստանը գնա ստուգի։ Բարեւ ձեզ։ Բնականաբար, դա իրատեսական չէ, ուղղակի ուզում է ասի, որ որպես բարի կամքի դրսեւորում, ես պատրաստ եմ թույլ տալ, որ գաք ինսպեկցիա անեք։ Ընդ որում, Թուրքիան կարող է այդ ԵԱՀԿ խմբի մեջ լինել»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյանը նաեւ հիշեցրեց՝ երբ ինքն ԱԺ-ում հարցրել է, թե ինչո՞ւ սահմանազատումը սկսվեց Տավուշից, Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ եթե իրենով լիներ, այլ կերպ կարող էր լինել. «Ասում է՝ եթե ինձնով լիներ… Այսինքն` մարդը բառացի ասում է, որ իրենով չի որոշվում, թե որտեղի՞ց պետք է սկսվի սահմանազատումը: Բառացի մարդը խոստովանում է, որ ինձնով չի, Ադրբեջանն է պահանջել: Փաշինյանը ասում է՝ ի՞նչ ուզում ես, տվել եմ։ Ադրբեջանը, մեկ է, ագրեսիվ է: Դա նշանակում է, որ ինքը ի զորու չէ կառավարել այսօրվա Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները, իր բոլոր փորձերը ձախողվել են»:

Ի՞նչ կարող է անել Ադրբեջանը՝ հարց է հնչեցնում բանախոսը եւ պատասխանում՝ նոր հայցեր ներկայացնի Հայաստանի դեմ․ «Այն օրը հոդված կար, 19 միլիարդի մասին էր խոսքը: Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանից նոր մարդկանց արտահանձնել, որովհետեւ ասել են, որ գործի շրջանակներում նյութեր ունենք, փաստեր ունենք, որ այլ հանցագործներ նույնպես կան»:

Մյուսը, Արթուր Խաչատրյանի համոզմամբ, այսպես կոչված՝ միջանցքի խնդիրն է, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը միջանցք տա իրեն։ Այս համատեքստում, նա պատահական չի համարում Նիկոլ Փաշինյանի արձանագրումը, որ Ադրբեջանը չի պատասխանել Հայաստանի առաջարկին։ Ենթադրում է՝ չեն պատասխանել, ուրեմն՝ մերժել են․ «Միջանցքի սահմանման մեջ է գաղտնիքը։ Եթե Ադրբեջանն ասում է՝ իմ ապրանքները պետք է անխոչընդոտ մտնեն եւ դուրս գան, դա նշանակում է միջանցք է պահանջում: Հիմա Փաշինյանը սահմանափակ հսկողության մասին է խոսում: Սահմանափակը ո՞րն է, ուղղակի նայել, բարեւել գնա՞լ: Ի դեպ, սահմանափակ վերահսկողության մասին, եթե չեմ սխալվում՝ 2021-22 թվականներին էր խոսում դեռ։ Եթե այդ ռեժիմը տարբերվում է, ենթադրենք M1 մայրուղու (Երեւան-Գյումրի մայրուղին) վրա գործող ռեժիմից, նշանակում է դա արդեն քո ամբողջական ինքնիշխանության տակ գտնվող տարածք չէ: Ադրբեջանը դա էլ չի ընդունում, որովհետեւ ամբողջական վերահսկողություն է ուզում։ Այսինքն՝ մտնեմ, դուրս գամ, չհամարձակվես ստուգել: Մյուսը՝ Ադրբեջանը կարող է պահանջել Հայաստանի ամբողջական ապառազմականացում: Հայաստանը պետք է ունենա երեք հատ տանկ, չգիտեմ, 10 հատ БМП, մի 100 հոգի էլ զինվոր, որ Փաշինյանի համար պատվո պահակախումբ կանգնեն»:

Նրա գնահատմամբ՝ «պարտադրանքի միակողմանի մենյուի ընդլայնում կա» եւ դա ուղղակի ազդեցություն է ունենալու նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների Բաքվում բեմականացվող «դատավարություններով»։

Իր նպատակադրումներին հասնելու համար, Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ Բաքուն կդիմի նաեւ ռազմական բախումների։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728