Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Եթե հաջորդ իշխանության փիլիսոփայության հիմքը դնելու ենք պարսավանքը, անեծքները, նսեմացումները, ապա 10 տարի հետո նորից Նիկոլ Փաշինյան ենք ձեռք բերելու. Հովհաննես Իշխանյան

Փետրվար 10,2025 15:57

«Ժամանակակից Հայաստանում մի քիչ լավ չեն պատկերացնում, թե ինչի համար է իշխանությունը: Կան ուժեր, որոնք գիտեն, թե իշխանությունը նրա համար է, որ Ադրբեջանի հետ ավելի բարվոք դիրքում լինեն, ինչը ճիշտ է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ, որովհետեւ դու չես կարող ավելի բարվոք դիրքում լինել, քանի դեռ քո ժողովուրդն աղքատ է ու կրթության բազան շատ ցածր է»,- «Հայելի» ակումբում նշեց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը:

«Եթե դու արդարության հիմքը փլուզում ես, ստանում ես Նիկոլ Փաշինյան: Ու թող որեւէ մեկը չմեղադրի ժողովրդին, որ գնացել-ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Նրանք չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին, նրանք դեմ են քվեարկել այն անարդարություններին, որոնք Սովետի փլուզումից հետո տեղի են ունեցել նրանց կյանքում, հաղթանակները հավասարապես չեն բաշխվել բնակչությանը, շուստրիները ավելի հարստացել են ու հարստահարել մյուսներին»,-հավելեց Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով նախկինում եղած անառողջ բարքերին:

«Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շրիշակից ցածր է, հարց է առաջանում, թե ինչ փիլիսոփայության հիմքի վրա պետք է դնենք հաջորդ իշխանություններին: Եթե դնելու ենք պարսավանքի, անեծքների, նսեմացումների վրա հաջորդ իշխանությանը, ապա 10 տարի հետո նորից Նիկոլ Փաշինյան ենք ձեռք բերելու; Եթե դնելու ենք իշխանությունը արժանիքների, արդարության, քաջալերանքի հիմքի վրա, այդ պարագայում կամ շատ ուշ կստանանք Նիկոլ Փաշինյան, կամ առհասարակ չենք ստանա: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներքին իրավիճակից է ծնվում, այլեւ արտաքին թշնամիների իրավիճակից: Քանի որ ունենք Թուրքիայի, Ադրբեջանի նման պետություններ, իրենք միշտ աշխատելու են, որ ծնվեն Նիկոլ Փաշինյաններ»,-ընդգծեց Հովհաննես Իշխանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728