Փետրվարի 4-5-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, իսկ փետրվարի 6-ին՝ Ազգային աղոթքի նախաճաշը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հիշյալ գագթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Միջոցառմանը ուղերձով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև բանախոսություններ ներկայացրեցին քաղաքական, կրոնական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։
Նույն օրերին կայացած Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը համախմբել էր ԱՄՆ կոնգրեսականների, տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, իրավապաշտպանների` քննարկելու կրոնական ազատության, մարդու իրավունքների հիմնախնդիրներն ու մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:
Կարդացեք նաև
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը՝ վերահաստատելով ԱՄՆ հանձնառությունը պաշտպանելու կրոնական համայնքների իրավունքները։ Գագաթնաժողովի նիստերին մասնակցում էր նաև Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ)։
Հայր Գարեգինը իր մասնակցությունը բերեց նաև ԱՄՆ Կոնգրեսում գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված նիստին` բարձրաձայնելով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականը: ԱՄՆ կոնգրեսականների հետ առանձին հանդիպումների ընթացքում Հայր Սուրբը ներկայացրեց մանրամասն զեկույցներ, որոնք պատրաստվել էին Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ։
Զեկույցներում փաստագրված էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը, որոնք պաշտոնապես ներկայացվեցին ԱՄՆ օրենսդիրներին՝ հարցի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և գործուն քայլերի ձեռնարկման նպատակով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին