Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

«Փաստաբանները հրաժարվել են դատարաններում և քննչական մարմիններում իրականացնել իրավաբանական օգնություն»․ Արա Զոհրաբյան

Փետրվար 10,2025 15:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստաբանները հրաժարվել են դատարաններում և քննչական մարմիններում իրականացնել իրավաբանական օգնություն։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում հարկային այս խիստ քաղաքականության վերաբերյալ»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ ըստ հարկային օրենսդրության փոփոխությունների՝ փաստաբանական և նոտարական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ և նախկին 5%-ի փոխարեն կվճարեն 20% ԱԱՀ և 18% կամ 23% շահութահարկ։

Արա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ սպասում են իրենց ներկայացրած հանրագրի պատասխանին։ Եթե դա իրենց չբավարարեց, ապա լինելու է միջոցառումների շարք, նաև բողոքի ցույցեր ավելի մեծ՝ մասշտաբային քայլերով։ Նա ասաց՝ քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնությունից հրաժարումն իրենց համար ամենածայրահեղ քայլն է, քանի որ վստահորդին օգնելն իրենց կարևորագույն առաքելությունն է։

Իսկ թե ինչ ազդեցություն են ունեցել հարկային փոփոխությունները, Արա Զոհրաբյանն ասաց․ «Փաստաբանները 5 տոկոս շրջանառության հարկ էին վճարում, սա նաև ենթակա էր թեթև հաշվապահական հաշվառման։ Փաստաբանը պարտավոր չէր լինում իր ժամանակի մեծ մասը ծախսել հաշվապահական փաստաթղթեր ձեռք բերելու, իր ծախսերը հիմնավորելու համար։ Ավելի քիչ էր շփումը հարկային մարմնի հետ, հիմա հարկերը փոխվել են, դրան գումարվում է հաշվապահական ծանր հաշվառում իրականացնելու բեռը։ Ամենամեծ խնդիրը, որ այս ամենն առաջացնելու է փաստաբանի համար, անվճար իրավաբանական օգնության ճանապարհը փակելն է։ ԱԱՀ-ի ռեժիմը մի մոտեցում ունի՝ եթե դու անվճար ծառայություն ես մատուցում, ապա պետք է վճարես այս ծառայության 20 տոկոսը։ Փաստաբաններն ուստի այլևս հրաժարվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուց։ Հանրային պաշտպանի գրասենյակն առանց այդ էլ ծանրաբեռնված էր, և տարբեր միջոցներ էինք կիրառում այդ բեռը թեթևացնելու համար։ Օրինակ՝ փաստաբանական ակադեմիան տարեկան 2000 քաղաքացու անվճար ծառայություն էր մատուցում ունկնդիրների և հսկող փաստաբանների օգնությամբ։ Պետական տուրքի գումարները բարձրացվեցին, անվճար օգնությունը փակվեց, նոտարական ծառայությունները թանկացվեցին։ Ստացվում է՝ ամեն ինչ անում են, որ մարդը հրաժարվի իր իրավունքները պաշտպանելուց։ Ուղղակի ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ։ Ի վերջո` այս հարկերն ավելացնելու են փաստաբանական ծառայության գումարը, որը վճարելու է մեր քաղաքացին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728